Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Նա հերքել է հայկական ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են ռուս խաղաղապահների տեղակայումը Հայաստանի սահմանին: "Այդ հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում", - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, հաղորդում է ՖԱՆ-ը:
"Իհարկե, կքննարկվի և Ղարաբաղը, և ռուս զինվորականները, որոնք այժմ այնտեղ են տեղակայված, կքննարկվեն, ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունները։ Սակայն որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում", - ընդգծել է նա։
Նկատենք, որ սա վարչապետի պաշտոնակատարի առաջին արտասահմանյան այցն է Մոսկվա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հաղթանակից հետո։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Փաշիյանի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։