Արմինֆո.ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունը:
«Այնուհետև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անցյալ շաբաթվա վերջին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման առնչությամբ իրավիճակի սրումը "սահմանային միջադեպ" է եւ չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության վերաբերյալ դրույթներին: "Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում։ Իսկ այստեղ մենք գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով", - ասել էր Զասը։
Նրա գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի դիտվում։ "Սկզբունքորեն, հիմա հարկ չկա խոսելու այն մասին, որ հիմա այնտեղ իրավիճակը ինչ-որ կերպ սրվում է", - հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։