Արմինֆո.Վստահության մակարդակը, որով հայ հասարակությունը երկրորդ անգամ օժտեց գործող իշխանությանը, նրան պարտավորեցնում է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
"Հաշվի առնելով նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի վրա դրված լուրջ սահմանափակումները, ինչպես նաև տվյալ փաստաթղթի միջոցով մեր երկրի սուբյեկտայնությունը փաստացի ոչնչացնելով ՝ կառավարությունը պետք է այդ փաստաթղթից դուրս փնտրի երկրի անվտանգության ապահովման աղբյուրներ։ Ինչպես նաև՝ Ռուսաստանի և, իհարկե, ՀԱՊԿ-ի հետ ցանկացած եռակողմ պայմանավորվածությունից, երկկողմ պայմանագրերից դուրս։ Այդ պայմանավորվածությունները Հայաստանին ոչ մի լավ բան չեն բերում։ Դրա ակնհայտ լինելու մեջ համոզվելու համար բավական է նայել Ադրբեջանում մեր գերիների նկատմամբ դատական կատակերգություններին", - ընդգծել է նա։
Գոյություն ունեցող անվտանգության համակարգի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների անվտանգության, իրավունքների և կյանքի հիմնական սպառնալիքները, ըստ իրավապաշտպանի, չեն լուծվում: Ինչի վկայությունն են Ադրբեջանում հայ գերիներն ու ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքում։ Այս լույսի ներքո՝ նա հիշեցրել է, որ բոլոր գերիների անվերապահ վերադարձն ամրագրված է նոյեմբերի 9-ի այդ նույն հայտարարությամբ, բայց դրա ստորագրումից ութ ամիս հետո էլ հայ գերիները դեռեւս Ադրբեջանում են:
Ավելին, հայտարարության կետերից մեկի ակնհայտ չկատարման ֆոնին, ըստ Սաքունցի, , Ադրբեջանն ապօրինաբար զբաղվում է հայ գերիների նկատմամբ քրեական հետապնդմամբ։ Տառապանք պատճառելով և արժանապատվությանը վնաս հասցնելով ոչ միայն նրանց, այլև նրանց հարազատներին ու մերձավորներին։ Այս բոլոր փաստերը, ըստ իրավապաշտպանի, ոչնչացնում են հայ հասարակության աչքում եռակողմ հայտարարության նշանակությունը՝ անվստահություն ձևավորելով դրա նախաձեռնողների և կատարման երաշխավորների նկատմամբ։
"Այսպիսով, Հայաստանն այս հայտարարության շրջանակներում պատանդ է պահվում այնպես, ինչպես պատանդ են պահվում Ադրբեջանում մեր տղաները։ Եվ բոլոր հակադիր փաստարկները սնանկ են, առաջին հերթին, այն պատճառով, որ դրանք ակնհայտորեն հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ շարունակել Հայաստանին և նրա քաղաքացիներին պատանդ պահել։ Հետևաբար, մեր երկրի միջազգային սուբյեկտությունը կարող է վերականգնվել բացառապես այդ փակուղուց Հայաստանի դուրս գալու դեպքում։ Տվյալ կոնկրետ դեպքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու միջոցով։ Հասկանալի է, որ Կրեմլի համար այդ սցենարը խիստ անցանկալի է։ Բայց Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու այլ ճանապարհ իշխող ուժը, պարզապես, չունի", - ամփոփել է Սաքունցը։