Արմինֆո.Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք, որ էլեկտրոնային քվեարկությանը մասնակցում են դիվանագիտական կորպուսը եւ արտասահման գործուղված զինվորականները։
Ըստ Մուկուչյանի՝ էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ 650 ՀՀ քաղաքացի։ Իր ընտրական իրավունքն իրացրել է 500 քաղաքացի։ 45 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 163 քաղաքացի իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին, 135-ը՝ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքին, 43-ը՝ Լեւոն Տեր - Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսին, 17-ը ՝ "Հանրապետություն" կուսակցությանը, 14-ական ձայն ստացել են "Պատիվ ունեմ"-ը, "Լուսավոր Հայաստանը" եւ "Վերելքը", եւս 12-ական ձայն են հավաքել "5165"-ը և "Ազատական" կուսակցությունները, մյուս քաղաքական ուժերը ստացել են 0-ից 6 ձայն։
Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի, ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 49,4 տոկոս կամ 1 մլն 281 հազար քաղաքացի: Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 850 հազար քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 442 846-ը կամ 51, 55 տոկոսը: Ոստիկանության տվյալներով ՝ ընտրողների թիվը կազմում է
2.578.678 մարդ, իսկ ԿԸՀ - ի տվյալներով ՝ 2 593 572 ։