Արմինֆո.Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի ավարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ընտրություններին։
Թուրք դիվանագետը հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքում ձեւավորված Հայաստանի նոր կառավարությունը "դաս կքաղի անցյալում այդ երկրի կատարած սխալներից": Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում կայունության ապահովման համար։ "Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման միակ միջոցը տարածաշրջանային երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն է։ Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ։ Պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, և Բաքուն, և Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար", - ասել է թուրք նախարարը, ըստ երեւույթին, մոռանալով, որ տարածքային հավակնություններ են առաջ քաշում Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանը միայն պայքարում է սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար։
Չավուշօղլուն նշել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կստեղծի բազմաթիվ տարածաշրջանային նախագծերի իրականացման համար: "Դա, առաջին հերթին, ի բարօրություն Հայաստանի, որը տարիներ շարունակ սխալ քաղաքականություն է վարել և դրանով իսկ մեկուսացրել է իրեն ։ Նա ետ է մնացել Հարավային Կովկասի երկրներից, բայց՝ միայն սեփական մեղքով։ Երեւանը պետք է հրաժարվի թշնամական տրամադրությունից եւ մտածի, թե ինչ կարելի է անել տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար", - ցինիկաբար հայտարարել է Չավուշօղլուն, հաղորդում է «Անադոլուն»: