Արմինֆո.Ջո Բայդենի վարչակազմի "Ամերիկան վերադառնում է" կարգախոսը կարող է գործնական բովանդակություն ստանալ նաեւ Հարավային Կովկասում, եւ մենք կբախվենք Մոսկվայի հակազդեցությանը, որը մտադիր չէ բաժանվել մեր տարածաշրջանում բոլոր հարցերը, գործնականում, միանձնյա լուծելու սեփական մենաշնորհից:
Սակայն, ամեն դեպքում, ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը պետք է իրենց գործողություններում ելնեն բացառապես սեփական ազգային շահերից։ Մենք պետք է առաջ ընթանանք այն ուղղությամբ, որը ձեռնտու է մեզ, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին կամ Թուրքիային։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի (GSAC) տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Գելա Վասաձեն։
Վասաձեի գնահատմամբ ՝ դա անհրաժեշտ է անել փոքր, բայց հետեւողական քայլերով։ Առաջին հերթին, անվտանգության ամուր կառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որի վրա արդեն հնարավոր լինի տարածաշրջանում կառուցել ամուր խաղաղություն։ Նրա կարծիքով, սպասվում է երկար ճանապարհ, եւ այն հաջողությամբ անցնելու համար անհրաժեշտ է երկրների ղեկավարության քաղաքական կամք՝ այդ նույն խաղաղության հաստատման հակառակորդների հակազդեցությունը հաղթահարելու նպատակով, ընդ որում՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին Վասաձեն նման ճանապարհը համարում է չափազանց բարդ, բայց միանգամայն հնարավոր։
Այս լույսի ներքո՝ վրացի քաղաքագետը տեսնում է հարավկովկասյան երեք երկրների ձևաչափով տարածաշրջանային հարաբերությունների կառուցվածքի ձևավորման ուղղությամբ ոչ մեծ, բայց միանգամայն որոշակի քայլերի անհրաժեշտություն: Վասաձեի կարծիքով՝ նման սցենարը չափազանց լավատեսական է հնչում, սակայն, երեք երկրների ղեկավարության շրջանում սեփական քաղաքացիների կենսամակարդակն էապես բարձրացնելու ձգտման առկայության դեպքում հենց նման կառուցվածքն էլ կդառնա ողջ տարածաշրջանի բարեկեցության աճի լավագույն կատալիզատորը:
Վասաձեի կարծիքով, ֆոնային, բայց չափազանց կարեւոր գործոն է Հարավային Կովկասում երկու ռազմավարական հակառակորդների' Ռուսաստանի եւ Թուրքիայի մրցակից տարածաշրջանային նախագծերի առկայությունը: Ինչը բացատրվում է նախկին ԽՍՀՄ սահմաններում սեփական ազդեցության վերականգնման կարեւորության աստիճանի Մոսկվայի գիտակցմամբ՝ որպես միակ լուրջ հաղթաթուղթ արդի աշխարհում իր դիրքավորման համար՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Չինաստանի առջեւ: Առանց այդ ազդեցության Ռուսաստանը, քաղաքագետի գնահատմամբ, ոչ մեկին հետաքրքիր չէ։ Եվ այս ամենը շատ լավ հասկանալով՝ հենց նույն Հարավային Կովկասում նա գործում է համապատասխան ձևով։
Թուրքիայի համար, իր հերթին, տարածաշրջանի երկրների հետ հաջող ինտեգրումը, Վասաձեի կարծիքով, բացում է Կենտրոնական Ասիայի թյուրքական պետություններ դուրս գալու հեռանկարը ՝ իր ազդեցությունը տարածելով մինչեւ չինական Սինցզյան: Եվ միանգամայն հասկանալի պատճառներով այս նախագիծը, նրա կանխատեսումներով, անխուսափելիորեն կբախվի կոշտ հակազդեցության Չինաստանի և, իհարկե, Մոսկվայի կողմից ։ Ուստի, հնարավոր է, որ այս նախագիծը հավանության արժանանա ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից:
"Եվ ես չեմ կարծում, թե այսօր արժե ակնկալել, որ այսօրվա Թուրքիան ռեսուրսներ չունի նման վիթխարի աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման համար։ Ռեջեփ Էրդողանը խաղում է երկարաժամկետ հեռանկարի հաշվարկով։ Ըստ այդմ, հենց որ նրա նախագիծը, որն այսօր գտնվում է սաղմնային վիճակում, իրական ուրվագծեր ձեռք բերի, ապա անխուսափելիորեն կհայտնվեն նաև ռեսուրսներ։ Կարեւոր է ընդգծել, որ այդ դեպքում բոլորովին կարեւոր չի լինի, թե այդ ժամանակ ով է լինելու Թուրքիայի իշխանության ղեկին՝ Էրդողանը թե նրա քաղաքական մրցակիցները։ Գլխավորն այն է, որ զարգացման նման ուղի է թելադրում Թուրքիայի զարգացման տրամաբանությունը' որպես տարածաշրջանային տերության", - ամփոփել է Վասաձեն: