Արմինֆո.ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Խելգա Մարիա Շմիդը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության համար: Այդ մասին Շմիդը հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ նպատակին հասել են շատ կողմերի արդյունավետ համագործակցության շնորհիվ: "Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման գործում իր հարևաններին ցուցաբերած աջակցության համար։ Դա տարբեր մասնակիցների, այդ թվում Շվեդիայի ղեկավարության ներքո ԵԱՀԿ եւ ԵՄ միջեւ անսովոր համագործակցության օրինակ էր: Մենք խոսել ենք Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մասին, որին ԵԱՀԿ - ն շարունակելու է շատ ակտիվ մասնակցել",- ըստ "Գրուզիա-օնլայնի" ասել է Շմիդը
։
Հիշեցնենք, որ Վրաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել 15 հայ ռազմագերիների փոխանակում Աղդամի ականապատ տարածքների քարտեզների հետ: Ընդ որում, եւս մի քանի հարյուր հայեր շարունակում են ապօրինաբար պահվել Ադրբեջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, որի պայմաններից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր ռազմագերիների եւ պահվող անձանց փոխանակումն էր ։