Արմինֆո. ԳԴՀ արտաքին գերատեսչությունը 49.311 եվրո է հատկացնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) շրջանակում իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի համար։ Այդ մասին հաղորդել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը:
«Դրանով ֆինանսավորվելու են ընտրողների նույնականացմանն ուղղված միջոցառումներ, Կովիդ-19-ի դեմ սանիտարահիգիենիկ միջոցառումներ, ինչպես նաև խոցելի խմբերի մասնակցությունն ընտրություններին։ Հունիսի 11-ին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան և ԳԴՀ դեսպան Միխայել Բանցհաֆը ստորագրեցին համապատասխան պայմանագիրը։ Երկուստեք ընդգծվեց, որ տվյալ միջոցառումները նպաստելու են Հայաստանում ազատ, արդար, ներառական և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ դեռեւս չի հրապարակվել ստույգ գումարը, որը պետությունը կծախսի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Ինչպես պատմել Է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, մոտ 460 մլն դրամ կծախսվի միայն քվեաթերթիկների վրա։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ ընտրությունների անցկացման ծախսերի գումարը կհրապարակվի առաջիկայում՝ բոլոր հաշվարկներն ավարտելուց հետո: