Արմինֆո. ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը նախատեսում է ԵԱՀԿ մասնակից պետություններից 250 կարճաժամկետ դիտորդներ գործուղում խնդրել հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա համար: Այդ մասին հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
Միաժամանակ, նշվում է, որ կարճաժամկետ դիտորդները կտեղակայվեն ողջ երկրում՝ երկու հոգուց բաղկացած բազմազգ խմբերի կազմում ՝ ընտրատեղամասերի բացմանը, քվեարկությանը, քվեաթերթիկների հաշվարկին եւ բոլոր մակարդակներում արդյունքների ամփոփմանը հետեւելու համար:
Ընտրությունների հաջորդ օրը ԺՀՄԻԳ-ն իր գործընկերների հետ մամուլի ասուլիսի ժամանակ կհրապարակի նախնական եզրակացությունների և հետեւությունների մասին հայտարարություն: Ամբողջ ընտրական գործընթացի դիտարկման վերջնական զեկույցը կհրապարակվի դիտորդական առաքելության ավարտից մոտ ութ շաբաթ անց։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընտրությունների դիտարկման ԺՀՄԻԳ առաքելությունը ընտրությունները կգնահատի ԵԱՀԿ պարտավորություններին եւ այլ միջազգային պարտավորություններին ու ժողովրդավարական ընտրությունների ստանդարտներին, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից:
Դիտորդներն ուշադիր հետեւելու են թեկնածուների գրանցմանը, քարոզչական գործունեությանը, ընտրական վարչակազմի եւ համապատասխան պետական մարմինների աշխատանքին, ընտրությունների մասին օրենսդրությանը եւ դրա կիրառմանը, զանգվածային լրատվության միջոցներին եւ ընտրությունների հետ կապված վեճերի լուծմանը:
Էոհան Մերֆիի գլխավորած առաքելությունը Հայաստանում իր աշխատանքն սկսել է մայիսի 18-ին: Այն բաղկացած է 11 միջազգային աշխատակիցներից, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ անդամ ինը երկրներ եւ աշխատում են Երևանում գործող գլխամասային գրասենյակում։ Բացի այդ, ԺՀՄԻԳ-ը դիմել է ԵԱՀԿ անդամ պետություններին խնդրելով ուղարկել 25 երկարաժամկետ դիտորդ, որոնք մայիսի 26-ից տեղակայվել են ողջ երկրում: Առաքելության աշխատանքը կարող է երկարաձգվել, եթե ԺՀՄԻԳ-ը որոշի հետևել հնարավոր երկրորդ փուլին։
Բացի այդ, հաղորդվում է, որ այդ ընտրություններին մտադիր է դիտորդական պատվիրակություն ուղարկել նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԺՀՄԻԳ-ն ավելի վաղ հետեւել է Հայաստանի 11 ընտրությունների, որոնցից վերջինը 2018 թվականի նոյեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: