Արմինֆո. Հայ գերիների նկատմամբ Բաքվի դատավարությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական նպատակներով ֆարս։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը։
Հունիսի 3-ին 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Արցախի Խծաբերդ գյուղում գերեվարված հայ զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել հրազենի եւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ահաբեկչության, ինչպես նաեւ սահմանն ապօրինի հատելու համար: Իրավապաշտպանների տվյալներով ՝ Ադրբեջանում գերության մեջ է գտնվում մոտ 200 հայ։ "Հաշվի առնելով այն հոդվածները, որոնցով մեղադրանքներ են առաջադրվել, մենք հասկանում ենք, որ մեր տղաների վերադարձի գործընթացը կարող է երկար տեւել։ Ինձ շատ է մտահոգում, որ մեր գերիների նկատմամբ դատավարությունն ընթանում է դռնփակ։ Դա խոսում է դատարանի նկատմամբ խիստ վերահսկողության մասին, ինչն, իր հերթին, վկայում է այն մասին, որ այդ ամբողջ ֆարսը կառուցված է լեգենդի վրա", - ընդգծել է նա։
Մինչդեռ, բաց, հրապարակային գործընթացը, իրավաբանի գնահատմամբ, մարդու հիմնարար իրավունքն է ։ Առաջին հերթին, այն պատճառով, որ հենց հրապարակայնությունն է ամբաստանյալներին եւ մեղադրյալներին հնարավորություն տալիս խուսափել դատարանների կամայականություններից այն դեպքերում, երբ դատաքննությունն ընթանում է վակուումի պայմաններում։ Ինչ-որ տեղեկատվության բացակայությունն այն մասին, թե ինչ է կատարվում Բաքվի դատարանի դռների հետևում, Ղազարյանը համարում է ուղղակի հաստատում այն բանի, որ Ադրբեջանում տեղի է ունենում ոչ թե դատավարություն, այլ ֆարս: Նա նաև համոզված է, որ հրապարակային գործընթացի դեպքում հայ ահաբեկիչների մասին ադրբեջանական լեգենդները կփլուզվեն՝ դատարանի դռները բացելուն զուգընթաց։
Ընդհանուր առմամբ, ըստ իրավաբանի, Բաքուն այսօր ապօրինի պահվող հայ գերիներին օգտագործում է սեփական քաղաքական նպատակներով։ Խոսքը վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացում Հայաստանից տարածքային, ընդ որում, փաստաթղթերով ձևակերպված, նոր զիջումներ կորզելու Ադրբեջանի ձգտմանը։ Այս լույսի ներքո, Ղազարյանի կարծիքով, գերիները բանակցություններում Ադրբեջանի կողմից հիշատակվում են բացառապես որպես քաղաքական հարցերի լուծման լծակ ։ Հակառակ դեպքում՝ գերիների խնդրի լուծումը իրավական տեսանկյունից հատուկ խնդիրներ չի պարունակում. Գերիները, պարզապես, պետք է վերադառնան հայրենիք։
"Ավելին, ես համոզված եմ, որ Ադրբեջանը շարունակում է նոր բախումներ հրահրել սահմանին և գերեվարել նոր հայ զինվորականների՝ հենց բանակցային գործընթացի վրա ազդելու նոր լծակներ ստանալու նպատակով։ Ընդհանուր առմամբ, սահմանների սահմանագծումը բավականին բարդ եւ երկար գործընթաց է։ Անհրաժեշտ է պայմանավորվածության հասնել, ստեղծել աշխատանքային խմբեր, մշտադիտարկման մարմիններ, և միայն դրանից հետո սկսել աշխատանքը։ Եվ, որքան ես հասկանում եմ, Բաքվում որոշել են խթանել այդ աշխատանքը ՝ դեմարկացիայի, միջազգային քաղաքականության, հումանիտար իրավունքի և արդարադատության մասին իրենց պատկերացումներին համապատասխան", - ամփոփել է Ղազարյանը։