Արմինֆո. Վրաստանն ու Հայաստանը վերականգնում են կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը։ Հունիսի 15-ին Երեւանից Բաթում կմեկնի առաջին գնացքը: Այդ մասին հունիսի 15-ին հաղորդել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում:
"Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երեւանից Բաթում կուղեւորվի Թբիլիսիով։ Դա նշանակում է, որ մեր դաշնակից, հարեւան պետությունից զբոսաշրջիկները կժամանեն Վրաստան, մեր սեւծովյան առողջարաններ, մեր մայրաքաղաք, այլ զբոսաշրջային վայրեր", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Տուրնավան:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ուղեւորատար գնացքներ չեն երթեւեկել 2020 թվականի մարտից։ Ինչպես պարզաբանել են "Վրացական երկաթուղու" աղբյուրները, Երեւան - Թբիլիսի - Երեւան գնացքի գործարկման ամսաթիվը, որը նույնպես ընդհատվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, դեռեւս հայտնի չէ:
Վրաստանը հունիսի 1-ից բացել է ցամաքային սահմաններ մոտակա հարեւանների հետ, որոնք փակվել էին անցյալ տարվա մարտից: Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից կարող են հանրապետություն մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք պատվաստման ամբողջական կուրս են անցել ՝ սահմանին ներկայացնելով նաեւ ՊՇՌ-ի բացասական արդյունքների մասին տեղեկանք: Եթե Վրաստան մուտք գործելիս մարդը չկարողանա պատվաստման մասին փաստաթուղթ ներկայացնել, սահմանին նա կկարողանա ցույց տալ 72 ժամվա ընթացքում արված բացասական ՊՇՌ-թեստի մասին տեղեկանք, ինչպես նաեւ պարտավորվել երեք օրվա ընթացքում կրկին հանձնել թեստը: Փետրվարի 1-ից Վրաստանում չեղարկվել էր կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը ։