Արմինֆո. Շուրջ 460 մլն դրամ կծախսվի քվեաթերթիկների տպագրման համար։ Այդ մասին հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով ՝ նախատեսվում է մոտ 70 մլն քվեաթերթիկ տպել՝ մեծ թվով քաղաքական ուժերի պատճառով, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Ընդ որում, նա վստահեցրել է, որ ընտրությունների ավարտին իրենք մանրամասն կներկայացնեն ծախսերը։ Մուկուչյանը հավելել է, որ բոլոր ծախսերի շուրջ 80 տոկոսը գնում է աշխատավարձի վճարմանը։
Անդրադառնալով ընտրական գործընթացների ակտիվության առնչվող հարցին Մուկուչյանը հիշեցրել է, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 22 կուսակցություն եւ 4 կուսակցությունների դաշինք, որոնք կմասնակցեն ընտրություններին:
"Մի շարք դեպքերում առանձին թեկնածուների հետ կապված որոշում է կայացվել գրանցումը մերժելու մասին, քանի որ նրանք չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր", - ասել Է ԿԸՀ նախագահը:
Անդրադառնալով "Պատիվ ունեմ" դաշինքի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցմանը եւ այն տեղեկատվությանը, որ վերջինս ներկայացրել է կեղծ փաստաթուղթ, ԿԸՀ նախագահը նշել է. "Ինչ վերաբերում է առանձին դեպքերին, ապա փաստական հիմքերի բացահայտման դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ ԿԸՀ-ն կկազմակերպի քննարկումներ, և կընդունվեն համապատասխան որոշումներ ։ Ամեն ինչ տեղի կունենա մեր նիստերի ժամանակ, բաց և հրապարակային" ։
Այս համատեքստում նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ թեկնածուներն ու քաղաքական ուժերը կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև հունիսի 10-ը ։ Մուկուչյանի խոսքով ՝ արդեն կան առանձին ինքնաբացարկի դիմումներ տարբեր ցուցակներից։
Խոսելով ընտրարշավի մասին՝ նա հիշեցրել է, որ քարոզարշավը կտեւի ընդամենը 12 օր, ընտրություններին մասնակցող ուժերի կողմից նորմերի ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է շատ արագ եւ օպերատիվ արձագանքի, հատկապես ՝ կանխարգելման առումով: <Մենք կդիմենք կոչով բոլոր կուսակցություններին, քանի որ կարծում ենք, որ նախընտրական քարոզարշավը պետք է կազմակերպվի և իրականացվի բարեկրթության մթնոլորտում>, - հայտարարել է Մուկուչյանը: