Արմինֆո. Միշտ եւ ամենուր Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից ձեւակերպված ցանկացած խնդրի լուծման մշակմամբ պետք է զբաղվեն մասնագետներն ու արհեստավարժները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
"Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով։ Եվ, իհարկե, պատասխանատվություն կրի ինչպես սեփական գործողությունների, այնպես էլ դրանց բացակայության համար։ Մենք, վերջապես, պետք է գիտակցենք տարբերությունը պրոֆեսիոնալ փորձագետների և տարբեր վայ-գիտակների միջեւ։ Այս անհրաժեշտությունը հատկապես կարևոր է ներկայանում ընթացիկ, բավականին բարդ, ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ Մելիքյանը դիվանագիտությունը համարել է շատ ճկուն գործիք, որը հնարավորություն է ընձեռում կառուցել նոր, շահավետ դիսպոզիցիաներ, նույնիսկ, ամենածանր պարտություններից հետո։ Ըստ դիվանագետի ՝ մասնագիտական տեսանկյունից ակնհայտ է, որ օրերս հրաժարական տված ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ էր եղել մի իրավիճակում, երբ վերջնականապես տապալված էր թվում նաև դիվանագիտական ոլորտը։ Իսկ Երեւանից անգամ ակնարկ չէր լսվում Արցախի կարգավիճակի որոշման կամ տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության մասին։
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 27-ին։ Ինսայդերական տեղեկությունների համաձայն ՝ հրաժարականի պատճառը վարչապետ Փաշինյանի հետ հակասություններն են ։ Մայիսի 31-ին հրաժարական է տվել Այվազյանի տեղակալ Գագիկ Ղալաչյանը եւ նրա մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Մայիսի 31-ին, հրաժեշտ տալով ԱԳՆ աշխատակիցներին, Այվազյանը հայտարարել է, որ հրաժարական է տվել, որպեսզի խուսափի այն կասկածներից, որ ԱԳՆ-ն կարող է հավանություն տալ Հայաստանի ազգային եւ պետական շահերի դեմ ուղղված նախաձեռնություններին: Կան չստուգված տեղեկություններ նաեւ գերատեսչության ղեկավարի մյուս երեք տեղակալների պաշտոնանկության մասին։
Ըստ դիվանագետի՝ Արցախի կարգավիճակի և ինքնիշխանության վերականգնման խնդիրը, առնվազն, ԼՂ սահմաններում, կրկին միջազգային օրակարգի մաս է դարձել հենց Այվազյանի պաշտոնավարման շրջանում։ Ակտիվացել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այդ հարցերը դիտարկում է որպես բանակցային օրակարգի մաս ։ Մելիքյանի գնահատմամբ, այսպիսով, նախկին արտգործնախարարին եւ նրա թիմին դիվանագիտական ճակատում հաջողվեց պարտությունը վերածել Հայաստանի համար շահավետ բանակցային հարթակի: Ավելին, Երևանի համար ապահովել մի շարք պետությունների քաղաքական աջակցությունը։
"Այվազյանի հրաժեշտի խոսքը ԱԳՆ-ում, ամենայն հավանականությամբ, նշանակում է հակասությունների առկայություն նրա և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև՝ արտաքին քաղաքական այս կամ այն հարցերի և դրանց լուծման մեթոդների շուրջ։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումներ է կայացրել՝ դրանց մասին տեղյակ չպահելով իր արտգործնախարարին։ Վերջինս շատ վտանգավոր քայլ է և Հայաստանում կառավարման ճգնաժամի խորացման վկայություն", - ընդգծել է նա։
Ըստ Մելիքյանի՝ այն իրավիճակում, որում շարունակում է գտնվել Հայաստանը, կառավարության ցանկացած անդամ, ներառյալ վարչապետը, պետք է հստակ և լիարժեք գիտակցի կայացվող որոշումների համար սեփական պատասխանատվության աստիճանը։ Համապատասխանաբար, խուսափելով քայլերից, որոնք կարող են վտանգել Հայաստանի ազգային, պետական շահերը։
Այս լույսի ներքո՝ նա նշել է, որ եթե արտգործնախարարը վարչապետի նախաձեռնություններն ու քայլերը համարել է պետության շահերի մասին սեփական մասնագիտական պատկերացումներին հակասող, ապա հրաժարական տալով , նա ոչ միայն ընդգծել է իր անհամաձայնությունը, այլև մատնանշել է այդ քայլերի համար պատասխանատու իրական նախաձեռնողին։