Արմինֆո.Հայաստանը պետք է դիմեր ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին զուգահեռաբար։ Համենայնդեպս, ես այստեղ բացարձակապես ոչ մի իրավաբանական հակասություն չեմ տեսնում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
"Այն, ինչ տեղի է ունենում մեր ինքնիշխան տարածքում՝ մայիսի 12-ից, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, տարածքային ամբողջականության խախտում է՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով։ ՄԱԿ-ի կանոնադրության տվյալ հոդվածը նման գործողությունների ենթարկված ցանկացած պետության ինքնապաշտպանության իրավունք է ընձեռում: Ըստ այդմ, ադրբեջանցի զավթիչների ուղղությամբ մեր զինվորականների կրակոցները ոչ ոք չի դատապարտի", - ընդգծել է նա։
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սահմանն անցել են Սև լճի շրջանում՝ խորանալով Հայաստանի տարածքում մինչև 3,5 կմ ՝ լճի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով: Մայիսի 13-ին Երևանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Իսկ մայիսի 14 - ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օգնության խնդրանքով դիմել էր անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդուհանդերձ, ադրբեջանցի զինվորականները մինչ օրս շարունակում են գտնվել Հայաստանի տարածքում։ Ավելին, դրանց թիվը 250-ից հասել Է հազարի։
ՀՀ զինված ուժերի կողմից նման գործողությունների բացակայությունը, ըստ խորհրդարանականի, պայմանավորված է հերթական լայնածավալ պատերազմ սանձազերծելու նպատակով Բաքվի միտումնավոր սադրանքներին չենթարկվելու հանգամանքով: Դրան Հայաստանը դեռ պատրաստ չէ, իսկ ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը ռազմական աջակցություն ցուցաբերել, ըստ ամենայնի, չեն շտապում։
Նման ֆոնին Սիմոնյանը Երևանի կողմից առկա իրավական և դիվանագիտական ողջ զինանոցի և գործիքակազմի կիրառումը համարում է գրեթե այլընտրանք չունեցող անհրաժեշտություն։ Առաջին հերթին, այն պատճառով, որ մեկ պետության ուժի ցանկացած կիրառում մյուսի նկատմամբ, որպես կանոն, ուղեկցվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ այդ քայլի մասին տուժող կողմի դիմումով։ Ինչը Հայաստանի պարագայում մինչ օրս չի արվել՝ նրա համար անհասկանալի պատճառներով։
Այս լույսի ներքո՝ խորհրդարանականն անհրաժեշտ քայլ է համարում Երեւանի կողմից ՄԱԿ ԱԽ-ին իրազեկումը Հայաստանի տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժման մասին: Եվ այն, որ դա մինչ օրս չի արվել, բնավ չի նշանակում, որ դա չի կարելի անել հիմա։ "ՄԱԿ ԱԽ դիմելու փոխարեն մեր կառավարությունը դիմել է ՀԱՊԿ։ Շատ հնարավոր է, որ դա ճիշտ քայլ էր։ Բայց զուգահեռաբար անհրաժեշտ էր դիմել նաև ՄԱԿ, հաշվի առնելով, որ այդ երկու քայլերը ոչ միայն չեն հակասում, այլև լրացնում են միմյանց", - ընդգծել է նա։