Արմինֆո. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հարթակում երկխոսությունն ընդհատվել է:
Նրա խոսքով ՝ ներկայում աշխատանքային խմբի աշխատանքները դադարեցվել են, մասնավորապես, Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման ֆոնին: "Բազմիցս ասել եմ, որ աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե դրա ֆոնն ու իրավիճակն, առնվազն, կայուն լինեն։ Սահմանին տիրող իրավիճակի լույսի ներքո՝ չեմ կարծում, որ հնարավոր է կառուցողական աշխատանք այդ հարթակում, և վերջին շրջանում շփումները դադարել են", - ասել է նա։
Գրիգորյանը հերթական անգամ հավաստիացրել է, որ հայկական կողմը տարածաշրջանի հաղորդակցության ապաշրջափակման հարցերի քննարկման ժամանակ "միջանցքային տրամաբանությանը" վերաբերող հարց չի քննարկել: "Եթե ոմանք "միջանցք" ասելով նկատի ունեն տրանսպորտային ուղիները, դա մեկ հարց է, բայց եթե միջանցք ասելով նկատի ունեն ինքնիշխանության հետ կապված որեւէ բան, վստահեցնում եմ ձեզ, որ իմ քննարկումներում դա բացառվում է", - ասել է հայկական կողմից եռակողմ խմբի աշխատանքների ղեկավարը:
Անդրադառնալով վերջերս գերեվարված 6 հայ զինծառայողների հարցին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հարցը քննարկվում է բոլոր հնարավոր հարթակներում: Գրիգորյանը հույս է հայտնել, որ հարցը կլուծվի առաջիկայում։