Արմինֆո. Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցվել է 22 կուսակցություն և 4 դաշինք։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ընդ որում, նա նշել է, որ այդ կապակցությամբ աճելու են նաև ընտրությունների անցկացման ծախսերը, քանի որ ստիպված են լինելու ավելի շատ քվեաթերթիկներ տպագրել: "Մի բան է մոտ 40 մլն քվեաթերթիկ տպելը, այլ բան՝ ավելի քան 70 մլն քվեաթերթիկ։ Մենք հաշվարկւոմ ենք: Վաղը թվերը կներկայացվեն։ Այն բանից հետո, երբ բոլոր հաշվարկներն ավարտվեն, մենք մանրամասն կներկայացնենք նաեւ ֆինանսավորման հետ կապված հարցերը", - պարզաբանել է Մուկուչյանը, հավելելով, որ կուսակցությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հաղորդնել էր, որ ՀՀ 2 581 093 քաղաքացի իրավունք ունի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք ընտրական գործընթացներին:
Հիշեցնենք նաև, որ ի սկզբանե ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 23 կուսակցություն, սակայն դրանցից մեկը չի գրանցվել ՀՀ ԿԸՀ-ի կողմից ՝ փաստաթղթերում առկա թերությունների պատճառով, որոնք չեն վերացվել լիազոր մարմնի կողմից հատկացված 48 ժամվա ընթացքում: