Արմինֆո. Սյունիքի մարզի շուրջ տիրող ճգնաժամը ցույց տվեց անվտանգության եւ տնտեսության ոլորտներում Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերաիմաստավորելու, վերանայելու, դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը՝ բոլոր ուղղություններով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
"Խոսքը Հայաստանի շահերը գործընկերների հետ ներդաշնակեցնելու մասին է, որոնց հետ մեր շահերն իրապես համընկնում են ։ Եվ ահա այստեղ անվտանգության համատեքստում առաջնային նշանակություն են ստանում Հայաստանի հարաբերությունները Ֆրանսիայի, ԵՄ մյուս երկրների և ԱՄՆ-ի հետ։ Մեզ համար շատ կարևոր են հարաբերություններն Իրանի և Հնդկաստանի հետ։ Հատկապես՝ հաշվի առնելով Արեւմուտքի հետ Թեհրանի հարաբերությունների նախանշվող կարգավորումը։ Կարծում եմ, որ դա համագործակցության լայն հեռանկարներ է բացում մեր երկրների համար", - նշել է նա։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Մեհրաբյանը համարում է Հայաստանում ճգնաժամի և, կորոնավիրուսի համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված, դրանից բխող մարտահրավերների հաղթահարման սկզբնական փուլ: Նրա կարծիքով, այն, թե ինչպես է Հայաստանն օգտագործում այդ հնարավորությունը, էկզիստենցիալ կարեւորության հարց է։
Ըստ փորձագետի, մեծ հաշվով, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ ջրբաժանն անցնում է ոչ այնքան արևմտամետ և ռուսամետ աշխարհայացքների միջև, որքան այն ուժերի միջև, որոնց համար երկրի ինքնիշխանությունն ու ազատությունը բացարձակ առաջնահերթություն են, և նրանց միջև, որոնց համար դրանք, պարզապես, խոսքեր են ։ "Այստեղ ճաշակի հարց չէ։ Այստեղ Հայաստանի ապագայի հստակ տեսլականի հարց է", - նկատել է փորձագետը։
Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանի անկախության բոլոր 30 տարիները ցույց են տալիս, որ նախկին բոլոր իշխանություններն այս կամ այն չափով զիջել են երկրի ինքնիշխանությունը անվտանգության դիմաց, զիջել են կարևորագույն տնտեսական ակտիվները, պետական կառավարման համակարգը փոխարինել են կոռուպցիայի և քրեական օլիգարխիայի ուղղահայաց ինտեգրված համակարգով։
"Խնդիրն այն է, որ այսօր բոլոր այդ մարդիկ ոչ միայն չեն զղջացել, այլև չեն թաքցնում ռեւանշի իրենց ծրագրերը ։ Բոլոր այդ մարդիկ սպասարկում են ուրիշի օրակարգը՝ ի վնաս սեփական երկրի, և ոչ այլ ինչ են, քան՝ հինգերորդ շարասյուն։ Առաջիկա ընտրություններում նրանց առջեւ կանգնած է նույն քաղաքական նպատակը՝ ռեւանշ եւ կոռուպցիոն ռենտայի վերադարձ, որից նրանք օգտվել են տարիներ շարունակ։ Հանուն այդ նպատակի նրանք կմիավորեն ջանքերը՝ մի կողմ թողնելով իրենց նախկին և, նույնիսկ, ներկա տարաձայնությունները", - ամփոփել է Մեհրաբյանը։