Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն, մայիսի 27-ին եւ 28-ին Ժնեւում համանախագահները խորհրդատվություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուերի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նշվում է, որ համանախագահներն ի գիտություն են ընդունում մայիսի 27-ին վեց հայ զինվորների ձերբակալման մասին հաղորդումը և կոչ են անում լիովին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին:
"Համանախագահները նաև ընդգծում են ձերբակալվածների հետ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան վարվելու պարտականությունը։ Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ վերացնել դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կոչ են անում կողմերին ամբողջությամբ կատարել հրադադարի մասին նոյեմբերի 9 - ի հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունները", - ասվում է միջնորդների հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ, համանախագահները նաեւ մտահոգությամբ են նշում վերջերս չսահմանագծված հայ-ադրբեջանական սահմանին մի քանի միջադեպերի մասին հաղորդումները։ "Սահմանային վեճերի լուծման համար ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անթույլատրելի են։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել, ներառյալ զորքերի վերատեղաբաշխումը իրավիճակի ապաէսկալացման համար եւ բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման շուրջ՝ խաղաղ ճանապարհով: Համանախագահները պատրաստ են աջակցել այդ գործընթացին", - նշվում է հայտարարության մեջ։ Հաշվի առնելով ԵԱՀԿ-ում իր մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումները ՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին վերսկսել գործունեությունը իրենց հովանու ներքո՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: