Արմինֆո.Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում Եվրասիայի լայնարձակ տարածքներում սկսվել է պետական սահմանների վերաձևման գործընթացը՝ դեռևս 2016թ.ապրիլյան քառօրյա պատերազմից սկսած։ Եվ արդեն այսօր կարելի է կանխատեսել, որ դրա արդյունքում կփոխվեն ոչ միայն միջպետական սահմանները, այլև միանգամայն կարող են առաջանալ նոր պետություններ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ "Այսօր մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը շարունակվում է։ Ավելին, կան բոլոր հեռանկարները հօգուտ դրա ձգձգման առաջիկա տասնամյակում: Կարծում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ փոխակերպումները կանդրադառնան ինչպես մեր մերձակա, այնպես էլ ավելի հեռավոր հարեւան երկրների վրա, տվյալ դեպքում կարելի է խոսել 10 տարիների մասին՝ որպես նվազագույնի։ Միանգամայն ակնհայտ է, որ այս գործընթացի տարբեր մասնակիցների համար դրա տևողությունը և ինտենսիվությունը կարող է միանգամայն տարբեր լինել", - համոզված է նա։
Ըստ դիվանագետի՝ Հայաստանի վրա այդ գործընթացներն արդեն անդրադարձել են, ընդ որում ՝ բավականին ցավալի արդյունքներով։ Այս լույսի ներքո՝ նա Հայաստանի համար առաջիկա 5 տարիները կանխատեսում է որպես չափազանց բարդ ու ծանր։ Մելիքյանի գնահատմամբ՝ հայոց պետականության այս շրջանում նաև հայ ժողովուրդը պետք է լուծի իր տարածքում գոյատևման հարցը։ Մելիքյանի կարծիքով ՝ Հայաստանն արդեն գտնվում է աշխարհաքաղաքական ծավալուն տեղաշարժերի գործընթացի գրեթե կիզակետում։
Եվ, ըստ նրա կանխատեսումների, դեռ որոշ ժամանակ երկիրը կգտնվի այն գործընթացի պատանդի վիճակում, որի շրջանակներում Մերձավոր Արևելքում սկսված բռնության ալիքը 2020թ. սեպտեմբերին հասավ նաև Հայաստան։ Եվ, դատելով Պաղեստինի հարցը վերջնականապես փակելու Իսրայելի ձգտումից, զուգահեռաբար, դիվանագետի կարծիքով, նախադրյալներ կստեղծվեն Իրանի ՝ որպես կղերական պետության ոչնչացման համար։ Արդյունքում՝ Հայաստանը, ըստ նրա կանխատեսումների, կբախվի լրացուցիչ նոր մարտահրավերների ու սպառնալիքների։
Իր հերթին՝ Հայաստանի հարավային սահմաններին թուրք-ադրբեջանական հերթական ագրեսիայի ծավալման սպառնալիքը, դիվանագետի կանխատեսմամբ, լիովին կարող է հանգեցնել բոլորովին նոր ռազմաքաղաքական իրադրության ձեւավորման նաեւ Իրանի հյուսիսային նահանգներում: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է Իրանում գործող ռեժիմի դեմ տեղի թյուրքալեզու բնակչության կենտրոնախույս ելույթների հեռանկարին։
"Կասկածից վեր է, որ այս հեռանկարների ձեւավորման հարցում շատ բան կախված կլինի Հարավային Կովկասում Ռուսաստանի քայլերից։ Ընդ որում, անհրաժեշտ է հասկանալ, որ Մոսկվան կարող է իր համար նահանջի ուղիներ թողնել եւ, պարզապես, հեռանալ Հարավային Կովկասից։ Բայց Թեհրանն այդ հնարավորությունից զրկված է։ Այս ամենը սերտորեն կապված է իրանական աստվածապետական ռեժիմի ամրության աստիճանի հետ։ Եվ Իրանի իշխող շրջանակների համար վատթարագույն սցենարի իրականացման դեպքում կլուծվի Իրանի գոյության հարցը ոչ միայն որպես իսլամական ժողովրդավարություն, այլ նաև ներկայիս սահմաններում նրա պահպանումը՝ որպես ունիտար պետություն", - ամփոփել է դիվանագետը։
Մայիսի 25-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհային շինարարության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը: Մայիսի 26-ին Երեւան էր ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Իրանական դիվանագիտության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ։