Արմինֆո. Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Այդ մասին ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները։ Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։
Կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին և անհարկի խնդիրներ չառաջացնել զինված ուժերի համար», - ասվում է հայտարարությունում։
Ուշագրավ է, որ ՀՀ ՊՆ վերոնշյալ սահմանափակումները, չգիտես ինչու, անդրադառնում են միայն ԶԼՄ-ների վրա, որոնք, իրենց մասնագիտության բերումով, պարտավոր են հավաստի և ստուգված տեղեկություններ հաղորդել հանրությանը։ Արգելված է լրագրողների հասանելիությունը ոչ միայն դիրքեր, այլև սահմանամերձ գյուղեր։ Օրինակ, ԱրմԻնֆո-ի թղթակիցը չի կարողացել մուտք գործել անգամ Գեղարքունիքի մարզի Կութ համայնք, քանի որ դեպի գյուղ տանող ճանապարհը փակ է եղել զինվորականների կողմից։
Բայց այդ կապակցությամբ հարց է առաջացնում երկակի ստանդարտների առկայությունը։ Այսպես, լրագրողները զրկվում են անարգել տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից, իսկ իշխանություններին մոտ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպիսիք են, օրինակ, "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, անարգել շրջում են ՀՀ ԶՈՒ դիրքերով և այնտեղից տեղեկատվություն են հաղորդում: