Արմինֆո. Այսօր Մոսկվան բավական բարդ խաղ է վարում Հարավային Կովկասը սեփական ազդեցության գոտում պահելու համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր Դեսպան Արման Մելիքյանը:
"Սյունիքի մարզի, մասնավորապես, Սև լճի շուրջ վերջին իրադարձությունները ես հակված եմ դիտարկել նաեւ այդ շրջանակներում։ Ռուսաստանի իշխանության բարձրագույն էշելոնները ձգտում են ապահովել Ռուսաստանի տարածաշրջանային ռազմավարական շահերի իրագործումը Հայաստանում եւ Ադրբեջանում խրախուսելու եւ, հակառակը, իշխանական էլիտաների անձնական-խմբակային շահերը վտանգելու միջոցով", - ընդգծել է նա:
Ըստ դիվանագետի, դա արվում է Երեւանին եւ Բաքվին տարածաշրջանային խնդիրների եւ հենց Մոսկվայի համար կարեւոր հարցերի լուծման շուրջ կոնսենսուս պարտադրելու նպատակով: Նման արտաքին քաղաքական խաղը Մելիքյանը որակում է որպես շատ բարդ ։ Այդ թվում ՝ տարածաշրջանից դուրս ազդեցիկ ուժերի առկայության պատճառով, որոնք ծատ շահագրգռված են Հարավային Կովկասից Ռուսաստանի վերջնական դուրս մղմամբ։
Այս ֆոնին դիվանագետը ենթադրում է, որ Ադրբեջանում զգում են, որ Մոսկվան չի ցանկանում գնալ իրավիճակի սրման եւ, համապատասխանաբար, ուժ կիրառել այժմ արդեն Հայաստանի տարածքում ադրբեջանական էքսպանսիան զսպելու նպատակով: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ համեմատաբար փոքր մասշտաբներով ադրբեջանական սադրանքները կարող են մնալ և անպատիժ՝ ընթացիկ անկայուն իրավիճակում առավելագույն օգուտ ստանալու նպատակով:
"Որքան ես հասկանում եմ, նման գործողությունները ձեռնարկվում են Երևանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները կատարելու Մոսկվայի պատրաստակամությունը ստուգելու նպատակով։ Բայց, մյուս կողմից, Բաքվի գործողություններին ռուսական կոշտ արձագանքը կարող է հանգեցնել Արցախից ռուս խաղաղապահների դուր սբերման պահանջին։ Ինչը Ռուսաստանին կդնի բավական բարդ իրավիճակի առաջ", - կարծում է նա։
Ընդ որում, ամեն դեպքում, դիվանագետի կանխատեսումներով, իր զինվորականներին նախկին դիրքեր հետ քաշելու Բաքվի հնարավոր մերժումը կտրուկ մեծացնում է ռազմական բախման հավանականությունը։ Ինչը, այսպես թե այնպես, կստիպի Մոսկվային կողմնորոշվել։ Եվ ինչը, նրա գործողությունների ցանկացած տարբերակում, կհանգեցնի որակապես նոր ռազմաքաղաքական իրավիճակի ձևավորման ողջ Հարավային Կովկասում։
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սահմանն անցել են Սև լճի շրջանում՝ խորանալով Հայաստանի տարածք մինչև 3,5 կմ ՝ լճի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով: Մայիսի 13-ին Երևանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Իսկ մայիսի 14 - ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օգնության խնդրանքով դիմել էր անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ։ Վերջին տվյալներով, բանակցությունների արդյունքում դիվերսանտների մի մասը հեռացել է 2 կիլոմետր, սակայն ադրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ Հայաստանի տարածքում: