
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այսպես կոչված, ղարաբաղյան սցենարով ռուս խաղաղապահներ չի ուղարկի իսրայելապաղեստինյան հակամարտության գոտի։
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքակրթությունների երկխոսություն" ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար, ռուս արեւելագետ Ալեքսեյ Մալաշենկոն։ "Շատ խիստ կասկածում եմ, որ մեր հասարակությունն ուրախանա մեր զինվորականներին արդեն Գազա ուղարկելու համար։ Իմ կարծիքով, մեզ միանգամայն բավական էր Աֆղանստանը, Սիրիան, հիմա՝ նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս լույսի ներքո՝ արաբա-իսրայելական հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելը կդառնա չհաշվարկված եւ սխալ քաղաքական քայլ, որը լավագույնս չի անդրադառնա նաեւ ռուսական իշխանության ներքին դիրքերի վրա", - նկատել է նա։
Ընդ որում, ՌԴ նախագահի վերջին հայտարարությունը, որը "Ռուսաստանի սահմանների մոտ հակամարտություն" էր որակել այն, ինչ տեղի է ունենում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջեւ, արևելագետը գնահատել է որպես բավականին կանխատեսելի: Նա նշել է, որ Պուտինի եւ նրա մերձավոր շրջապատի այն հաստատուն համոզվածության առկայության լույսի ներքո, որ Ռուսաստանը ոչ այլ ինչ է, քան՝ պաշարված ամրոց, նրանցից որեւէ այլ բան ակնկալել պետք չէ: Նման տրամաբանության լույսի ներքո Մալաշենկոն արձանագրում է, որ Ռուսաստանի համար սահմանն ամենուր է, օրինակ՝ նույն Սիրիայում։ Եվ Ռուսաստանին, ըստ այդ տրամաբանության, սպառնում է ցանկացած հակամարտություն, որում ներկա են ամերիկացիներն ու եվրոպացիները։
Ընդ որում, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության նկատմամբ, ըստ արևելագետի, Ռուսաստանը չունի և չի կարող ունենալ հետևողական դիրքորոշում, առավել եւս՝ քաղաքականություն։ Ինչպես Իսրայելի հետ շատ լավ հարաբերությունների, այնպես էլ Մոսկվայի կողմից ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող աջակցության պատճառով։ Իսկ ընտրության բացակայությունը, ըստ Մալաշենկոյի, Մոսկվային թողնում է թե ՀԱՄԱՍ-ի եւ թե Նեթանյահուի հետ խոսելու միակ եւ օպտիմալ տարբերակը։ Եվ Կրեմլի ներկայիս լռությունը, այս լույսի ներքո, խոսում է այնպիսի դիրքորոշման բացակայության մասին, որը բավարարեր թե մեկին, թե մյուսին։
Իրավիճակը գնահատելով բավականին բարդ, քանի որ մյուս բոլոր խաղացողները ստիպված են ընտրություն կատարել հակամարտող կողմերի միջեւ, ինչը ոչ մեկին ձեռնտու չէ, արեւելագետը կարծում է, որ գոնե հրադադարը, եւ Նեթանյահուի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ շփումները բոլորի շահերից են բխում: Հենց այդ պատճառով էլ առայժմ երկուսին էլ ամեն տեղից դրդում են բանակցությունների։ Ինչը, ըստ նրա կանխատեսումների, ամենայն հավանականությամբ, կհաջողվի, քանի որ այս հակամարտության մեջ հաղթող լինել չի կարող, կարող են լինել միայն պարտվողներ։
"Ներկա հակամարտության պատճառներն ինձ համար բոլորովին անհասկանալի են։ Բայց հասկանալի է մի բան. այսօրվա դրությամբ այն, ինչ տեղի է ունենում այդ շրջանում և նման մասշտաբներով, ձեռնտու չէ ոչ Իսրայելին, ոչ Պաղեստինին։ Լարվածության մշտական աճով շահագրգռված չեն ոչ Թել Ավիվում, ոչ էլ հենց պաղեստինցիները, հաշվի առնելով, որ ՀԱՄԱՍ-ից բացի այնտեղ ապրում են ամենատարբեր կարծիքներ ունեցող մարդիկ։ Այդ պատճառով, փոխադարձ գնդակոծությունները շատ շուտով կավարտվեն։ Կարծում եմ՝ այդ հարցի շուրջ կողմերը վաղ թե ուշ կպայմանավորվեն։ Ի տարբերություն Երուսաղեմի և Պաղեստինի կարգավիճակի։ Մոտ ժամանակներս դա ակնկալել, հաստատ, չարժե", - ամփոփել է ռուսաստանցի արևելագետը ։