Արմինֆո. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվի վերակենդանանալ իշխանության մեջ, նույնիսկ, "ազգի փրկչի" կերպարով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանական "Իմ քայլը" խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
"Մենք գիտենք, որ Քոչարյանը սեփական քաղաքական ռեինկարնացիայի փորձեր է արել ՝ սկսած Սերժ Սարգսյանի լեգիսլատուրայի շրջանից։ Միանգամայն հասկանալի պատճառներով այն ժամանակ այդ փորձերն այնքան համառորեն չէին արվում, որքան այսօր։ Նրա կողմից վերադարձի քողարկված փորձեր են արվել նաև հեղափոխության օրերին, երկրում իշխանափոխությունից հետո", - հիշեցրել է նա։
Այսօր, ըստ Ջուլհակյանի, Ռոբերտ Քոչարյանի նման փորձերը վերջապես ձեռք են բերել նախկին նախագահի համար այդքան ցանկալի հող, և նա փորձում է օգտվել իրավիճակից, հասարակության առջև հառնելով երկիրը փրկելու նպատակ հետապնդող մարդու կերպարանքով: Այնուամենայնիվ, իշխանամետ խորհրդարանականի կարծիքով, այդ նույն հասարակությունը շատ լավ հիշողություն ունի: Մարդիկ շատ լավ հիշում են նրա կողմից երկրի կառավարման բոլոր "հմայքները" և հետևանքները։
Իսկ, ընդհանուր առմամբ, Ջուլհակյանը Քոչարյանի և ժողովրդի կողմից մյուս «մերժվածների» ռևանշի ձգտումը գնահատում է որպես միանգամայն օրինաչափ և նորմալ։ Նրա խոսքով ՝ այդ գործընթացները սկսվել են անմիջապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո եւ հետպատերազմյան Հայաստանում, միանգամայն հասկանալի պատճառներով, լրացուցիչ լիցք են ստացել: Պատգամավորին ավելի շատ հուզում է այն, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում այդպես էլ չեն ձևավորվել և չեն կայացել նոր քաղաքական ուժեր։
"Ես այդ մասին մեծ ափսոսանքով եմ խոսում։ Վերջին շրջանում երկրում հայտնվել են նոր քաղաքական կուսակցություններ, որոնց շարքերում շատ արժանի մարդիկ կան։ Բայց, ցավոք, դատելով ըստ ամենայնի, երեք տարին դրանց լիարժեք կայացման համար մի շարք պատճառներով բավարար չէր։ Մինչդեռ, մենք շատ կուզենայինք ապագա խորհրդարանում որպես մեր ընդդիմախոսներ տեսնել հենց այդ քաղաքական գործիչներին։ Մենք, մեր հերթին, պատրաստ ենք անել ամեն ինչ եի անելու ենք, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն ամենաբարձր մակարդակով, ժողովրդավարական, թափանցիկ և արդար", - եզրափակել է Ջուլհակյանը։
Նշենք, որ մայիսի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտահերթ խորհրդարանական ընտրությունները հունիսի 20-ին նշանակելու մասին: Ավելի վաղ պատգամավորները երկրորդ անգամ կողմ չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, որպեսզի երկրում անցկացնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ինքնուրույն։