Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա իրադրության կարգավորման բանալին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ ընթացիկ տարվա հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների լիովին կատարումն է:
Այդ մասին մայիսի 11-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ընդգծելով, որ ղարաբաղյան կարգավորումը մանրամասն քննարկվել է ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Նրա խոսքով, այդ պայմանավորվածությունները ապահովում են ինչպես ցանկացած ռազմական գործողությունների դադարեցման պահպանման բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, այնպես էլ նպատակամղված են կապերի ապաշրջափակմանը, որոնք երկար տարիներ թույլ չէին տալիս լիարժեքորեն բացահայտել այդ կարեւոր աշխարհաքաղաքական տարածաշրջանի շատ լուրջ տարանցիկ եւ տնտեսական ներուժը:
"Մենք երախտապարտ ենք ադրբեջանցի գործընկերներին ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը բարձր գնահատելու համար։ Մեր զինվորականները սերտ կապի մեջ են ադրբեջանցի գործընկերների հետ, եւ, ընդհանուր առմամբ, մենք նրանց գործունեությունը գնահատում ենք շատ դրական ։ Նրանք իրապես նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը",-ասել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ պայմանավորվածությունների իրականացման գործում կարեւոր ներդրում է կատարում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով, որը զբաղվում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման կոնկրետ ուղիների սահմանմամբ:
Նրա խոսքով ՝ դա թույլ կտա Անդրկովկասյան երկրները իրենց հարեւանների հետ միացնել միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածքում։ Դրա հետ մեկտեղ, ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ պահանջված է մնում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, նախեւառաջ, հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցների առաջխաղացման ուղղությամբ: "Ես արդեն հիշատակել եմ, մենք բարձր ենք գնահատում եռակողմ խմբի աշխատանքը երեք երկրների փոխվարչապետների կազմով, որոնք աշխատում են բավականին արդյունավետ: Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ մոտ ապագայում կստանանք այդ աշխատանքի արդյունքները"։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա ըմբռնում, երբ կողմերը խոսքերից կանցնեն գործողությունների եռակողմ խմբի շրջանակներում, Լավրովն արձանագրել է, որ եթե դեռ որոշված չէ, թե ինչպես այդ ամենն անել, ինչ երթուղիներով, ապա գուշակել, թե երբ դա տեղի կունենա, հավանաբար, այնքան էլ արդյունավետ չէ: "Հարցը լուծվում է համալիր, հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը, իսկ դա, հիշեցնեմ, ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանն են, այլ նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես հարեւան երկրներ, որոնք նույնպես կցանկանային արտացոլել այդ տարածաշրջանի շահերի հավասարակշռությունները։ Կրկնեմ ևս մեկ անգամ՝ տեղաշարժ կա, շատ որոշակի և ճիշտ ուղղությամբ", - եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարը։