Արմինֆո. 2018 թվի գարնանը կատարելով հեղափոխություն՝ Նիկոլ Փաշինյանը և իշխող ուժը դրա կանոնները չեն կիրառել Սահմանադրական դատարանի, դատարանների և դատավորների, ընդհանրապես, քննչական մարմինների և, նույնիսկ, նրանց կադրերին վերաբերող կրթական համակարգի նկատմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրավաբան Սեդա Սաֆարյանը։
"Միակ փոփոխությունը դատական իշխանության վերոհիշյալ մարմինների նկատմամբ գործադիր իշխանության վերահսկողության անհետացումն էր։ Նոր իշխանությունը, ի տարբերություն նախորդների, հրաժարվել է այս բոլոր ատյանների նկատմամբ որևէ ճնշումից ։ Մնացած ամեն ինչում դրական տեղաշարժեր չեն եղել և չկան։ Այնպես որ, ստիպված ենք արձանագրել, որ հեղափոխությունը մեր դատարաններին ակնհայտորեն չի հասել։ Որպես արդյունք ՝ ազատություն ստանալով դատավորները սեփական գործառույթները, պարզապես, չեն իրականացնում։ Եվ միայն դատավորների մի մասն է, որ դժգոհ է անցյալում տիրող իրավիճակից, իրեն այսօր համարժեք է պահում։ Ինչը, իմ կարծիքով, ակնհայտորեն բավարար չէ", - ընդգծել Է իրավաբանը։
Ասել, որ արդարադատության ոլորտում բացարձակապես ոչինչ չի արվել, նրա գնահատմամբ, սխալ կլիներ։ Սակայն, նույնիսկ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ Հայաստանի քաղաքացիների գործերով դրական վճիռների կայացման արդյունքում ոչ մի դատավոր չի ենթարկվել անգամ կարգապահական տույժի։ Այս լույսի ներքո՝ իրավաբանի մոտ տարակուսանք են առաջացնում արդարադատության ոլորտում զգալի տեղաշարժերի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները խորհրդարանում։ Ավելին, Սաֆարյանը համոզված է, որ դատարանների և հայկական արդարադատության նկատմամբ վարչապետի լավատեսությունը ակնհայտորեն չի կիսում նաև հայ հասարակությունը։
Ըստ իրավաբանի ՝ ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը որևէ կերպ չեն ենթադրում ամենաթողություն եւ քաղաքացիների կողմից սեփական կարծիք արտահայտելու իրավունքի որևէ շրջանակի բացակայություն ։ Եվ այս առումով այսօր Հայաստանում տիրող իրավիճակը, նրա կարծիքով, արժեզրկում է շատ արժեհամակարգեր ։ Իսկ "մարտի 1-ի գործի" շուրջ նույն իրավիճակը, որը, ըստ նրա, ձախողել են հենց դատարանները, ցույց տվեց պետության պարտությունը ՝ երկրում արդարությունը վերականգնելու փորձում։
"Այսպիսով, պետությունը նույնպես այդ ձախողման մեղավորն է։ Եվ շատ շուտով մենք տասնյակ նոր գործեր կտեսնենք ՄԻԵԴ-ում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Եվ ահա այդ ժամանակ մեր վարչապետը կհայտնվի ոչ նախանձելի իրավիճակում։ Համոզված եմ, որ քաղաքական հետապնդումների մեջ մեղադրվելու վախից հանցագործներին ազատության մեջ թողնելը արդարադատության իրականացման լավագույն ելքը չէ։ Բայց օրենքը պետք է բոլորի համար հավասարապես աշխատի՝ թե իշխանության, թե ընդդիմության համար։ Ինչն այսօր Հայաստանում, ուղղակի, չկա", - համոզված է Սաֆարյանը։
"Արդարադատության իրականացման համակարգում փոփոխություններ կան, բայց դրանք չափազանց աննշան են։ Եվ ես չեմ կարող պնդել, որ Հայաստանում վերականգնվել է արդարությունը կամ դատաիրավական ոլորտի բարեփոխմանն ուղղված իրական քայլեր են արվել։ Այդ հնարավորությունն ինձ չեն թողնում իմ գործերը դատարաններում, որոնց մասին այսօր այդքան լավատեսորեն է արտահայտվում վարչապետը։ Ամեն դեպքում, լավագույն չափանիշը ժողովրդի կարծիքն է։ Եվ եթե Փաշինյանին իրոք հուզում է մեր դատարաններում առկա իրական իրավիճակը, ապա նա ունի բոլոր հնարավորությունները այն իմանալու համար։ Ոչ թե խորհրդարանի պատերի ներսում, այլ՝ փողոցում։ Իսկ դատարաններում այսօր նույն բանն է կատարվում, ինչ կատարվում էր 3 տարի առաջ, և ոմանք, չգիտես ինչու, գտնվելով արտոնյալ վիճակում, դատական պատասխանատվության, պարզապես, չեն ենթարկվում",- ամփոփել է իրավաբանը ։