Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը պատասխանել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մամուլի քարտուղարի հայտարարությանը:
«ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտարարություն է արել՝ ի պաշտպանություն ԳՇ պետ Արտակ Դավթյանի՝ անցնելով կոռեկտության սահմանները:
Նշեմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մշտապես հատուկ հարգանքով և զգուշավորությամբ են արտահայտվում ՀՀ ԶՈՒ մասին, սակայն սույն անձնավորված հայտարարությունը ստիպում է ինձ տալ համապատասխան պատասխան: Որպես ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ` պնդում եմ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում բացահայտվել են բավարար փաստեր՝ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ), իսկ որոշակի հանգամանքների բացահայտման դեպքում՝ 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով։ Նշածս փաստերին քաջատեղյակ են նաև հանձնաժողովում աշխատած իշխանական պատգամավորները, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ արտահայտվել է։ Բառացի մեջբերեմ. «Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է ունեցել 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ՝ որպես օպերատիվ վարչության պետ»:
Եթե այս ամենին գումարենք նաև պարոն Դավթյանի՝ ԳՇ պետ եղած ժամանակահատվածում զորամիավորման կրճատումը Սյունիքում, Սու-30 ՍՄ կործանիչ ինքնաթիռների անարդյունավետ գնումը, ռադիոհետախուզական միջոցների՝ որպես մետաղի ջարդոն սպառազինությունից հանումը, ինչպես նաև նրա նախկին գործունեության մի շարք հայտնի ու անհայտ խնդրահարույց դրվագներ, ակնհայտ հարցեր են առաջանում Արտակ Դավթյանի պաշտոնավարման և Հայաստանի Հանրապետության շահերի հետ նրա գործունեության համատեղելիության վերաբերյալ:
Կարծում եմ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր անդամների պնդումները Արտակ Դավթյանի և նրա գործունեության վերաբերյալ փաստարկված են և նույնիսկ բավական մեղմ: Լիահույս եմ, որ Դավթյանի գործունեության մանրամասները կուսումնասիրվեն իշխանափոխությունից հետո՝ համապատասխան քրեական գործերի շրջանակում:
Հ.Գ. Երկրում անիշխանությունն ու քաոսն այնքան են խորացել, որ ենթակա մարմինները սկսել են հոխորտալ վերադասի նկատմամբ»,-ֆեյսբուքյան էջում գրել է Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ 2016թ.ապրիլյան պատերազմի իրադարձություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը մի շարք բացթողումներ է պարունակում, խոստանալով ավելի մանրամասն պատմել, երբ պարզ կլինի, թե զեկույցի որ մասերը կարելի է հրապարակել:
"Կարող եմ միայն ասել, որ եթե գործող գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կատարվածի մեղավորներից մեկն է, իսկ դա այդպես է, ելնելով Անդրանիկ Քոչարյանի զեկույցից և նախկինում արված հայտարարություններից, ապա նա այսօր չպետք է զբաղեցներ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ։ Դա ինձ համար օբյեկտիվ քննության բացակայության կարևոր ահազանգ է։ Ստացվում է՝ ով որ պետք է, առայժմ չի մեղադրվի։ Իսկ նրան, ով արդեն պետք չէ կամ "այլ ճամբարում" է, մեղադրանք կառաջադրվի", - հայտարարել է Մարուքյանը, հավելելով, որ իր գլխավորած ուժը պահանջելու է գաղտնազերծել զեկույցը ։
Արձագանքելով Մարուքյանի այս հայտարարություններին՝ նախօրեին ՀՀ գլխավոր շտաբի պետի մամուլի քարտուղար Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. "ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հասցեին։ Պատգամավորի «եթե»-ներով խոսքն այնքան անհիմն է, որ նույնիսկ հարկ չկա դրան անդրադառնալու, սակայն հորդորում ենք նրան ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ ու հասցեական։ Գուցե պատգամավորն ու նրա խմբակցության որոշ անդամներ պարզապես լավ չեն պատկերացնում զինվորական գործը. դա իրենց խնդիրն է և որևէ հիմք չի տալիս չփաստարկված մտքեր արտահայտելուն: Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների: Իսկ իրական գործ անողներին և պարզապես խոսացողներին ցույց կտա ժամանակը":