Արմինֆո. «Արտաքին գործերի նախարարությունն արդեն բազմիցս անդրադարձել է, և այսօր կարող եմ վերահաստատել և արձանագրել, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը՝ մայիսի 6-ին ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման անհրաժեշտությանը։
Մենք սերտորեն համագործակցում ենք UNESCO-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ UNESCO-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ։ Տեսեք, պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը, ընդհանրապես, նախ և առաջ, մարդու իրավունքների պաշտպանության մասին է, և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց՝ Ադրբեջանին ուղղված կոչով։ Իրենց նամակում նրանք ընդգծել են հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը։
Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին՝ նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես՝ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր Տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտանմունքի վայր», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: