Արմինֆո. "Սյունիքի մարզի Արավուս գյուղում միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ հայ հովիվը մոտեցել է դիրքերին (Ադրբեջանի ԶՈՒ – խմբ.), եւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որն այնուհետեւ հարթվել է", - մայիսի 5-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը հաղորդել էր, որ ադրբեջանցի զինծառայողները բռնել են հայ հովվին, սկսել են նրան քարշ տալ եւ հարվածել նրա աչքին: "Հովիվը նրանց պահակակետից 15 կմ հեռավորության վրա էր, դա մեր հողն է։ Մեր տղաները զենքով վազեցին այնտեղ։ Նրանք հրեցին հովվին և փախան։ Մեր հովիվը կանգնած էր մեր տեղամասի ծայրահեղ կետում, GPS-ով եմ նայել: Հովիվին ասել են. «100մ հեռավորություն պահի»: Արդեն այնպես է ստացվել, որ մենք, նույնիսկ, անասուն չենք կարող պահել", - պատմել է նա։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով հրապարակումներին, թե Հայաստանի իշխանությունները, իբր, Ադրբեջանին են զիջել տարածքի հերթական հատվածը, վստահեցրել է, որ Հայկական ԽՍՀ և ինքնիշխան, անկախ Հայաստանի սահմաններում տարածքը ամբողջությամբ պահպանվում է: "Կան վայրեր, որտեղ մենք առաջ ենք շարժվել 50 մետր, եւ կան վայրեր, որտեղ՝ հակառակը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավոր չէ դիրքերն այնպես կահավորել, որ այն ապահովի անվտանգությունն ու վերահսկողությունը։ Ելնելով դրանից՝ դիրքերը հետ են մղվում կամ առաջ ։ Բայց, ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ սահմանների տարածքային փոփոխություններն այդ տեղաշարժերի արդյունքում շատ աննշան են, և այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանագծման ընթացքում", - նշել է նախարարը։
Պատասխանելով հարցին, թե ինչ է արվում նման միջադեպերը բացառելու համար, Հարությունյանն ասել է, որ դրա համար, առաջին հերթին, համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքացիներին, որ "չարժե մոտենալ այդ պահակակետերին": "Համանման միջադեպեր լինում են նաեւ նրանց հետ", - հայտարարել է նա: Գլխավորն այն է, ինչպես կարծում է պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը, որ այդ դեպքերը չհանգեցնե մարդկանց մահվան կամ վիրավորման: