Արմինֆո. Բանակի արդիականացումը կվերաբերի բոլոր ոլորտներին: Այդ մասին մայիսի 5-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա հավաստմամբ, հայկական բանակի արդիականացումն ու բարեփոխումները կառնչվեն օրենսդրության ոլորտին, բուհական կրթությանը, կլինեն նաեւ կառուցվածքային փոփոխություններ: "Մեր առջեւ խնդիր է դրված բանակը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին", - նշել է նա:
Կրթության ոլորտի բարեփոխումները, ինչպես նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, կընթանան մի քանի ուղղություններով։ Առաջինը, ինչպես հաղորդել է Հարությունյանը, նախատեսվում է կադրերի թարմացում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ "Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը մարտական փորձ չունի, նրանք կուղարկվեն զորքեր, իսկ նրանք, ովքեր փորձ ունեն, այն ձեռք են բերել վերջին պատերազմի ընթացքում, կտեղափոխվեն բուհեր", - պարզաբանել է նա:
Նախատեսված բարեփոխումների երկրորդ ուղղությունը վերաբերելու է ծրագրերին։ "Քանի որ մենք նախատեսում ենք նոր զինատեսակներ ձեռք բերել, մենք պետք է դրանք ներդնենք բուհերի համակարգում, որպեսզի կուրսանտները ծանոթանան դրանց", - նշել է նա:
Բացի այդ, ռուսական բուհերում հայ կուրսանտների ուսումնառության շուրջ պայմանավորվածություն կա ՌԴ-ի հետ։ Պայմանավորվածություն կա նաեւ այլ երկրների զորամասերում հրամանատարական կազմի պրակտիկա անցնելու վերաբերյալ, որպեսզի ունենան ժամանակակից ռազմական արվեստի եւ մարտավարության հմտություններ: