Արմինֆո.ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկման ծրագրին, հայտարարել է, որ 18-ամյա պատանիների ճնշող մեծամասնությունը առողջական խնդիրներ ունի:
"Այդ մասին մենք չենք խոսել այն ժամանակ, և հիմա պետք է զգուշությամբ խոսել։ Դեռ 2018 թվականին արձանագրեցինք, որ պարտադիր բուժզննում անցնող 18-ամյա պատանիների ճնշող մեծամասնությունը առողջական խնդիրներ ունեն ։ Սա մեր պետության ամենամեծ ձախողումներից մեկն է", - հայտարարել է նա։
Ինչպես նշել է Փաշինյանը, այս խնդրի լուծումը վերաբերում է ոչ միայն առողջապահության ոլորտին, այլեւ կրթության ոլորտին, քանի որ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ցուցաբերելը միայն հետեւանքների դեմ պայքար է, այլ ոչ թե՝ պատճառի: Այս համատեքստում նա կարևորել է դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի դասերի պատշաճ անցկացումը։