Արմինֆո.Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ տարվա աշնանն Արցախում, շատ բանով այն բանի արդյունք էր,որ, իրականում, Հայաստանին չհաջողվեց հրաժարվել ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանի տված խոստումներից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հանրային խորհրդի նախագահ, Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։
"Ելնելով Իլհամ Ալիևի խոսքերից՝ պարզ է դառնում, որ Սարգսյանը Բաքվին խոստացել էր, ոչ ավել, ոչ պակաս, Արցախի տարածքների հանձնման ժամանակացույցը։ Բնականաբար, առանց Արցախի ապագա կարգավիճակի որևէ հստակեցման։ Հանուն արդարության պետք է նշել, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Բայց, գալով իշխանության, Փաշինյանը տեսանելի կերպով գոնե փորձում էր փոխել բանակցային գործընթացի ընթացքն ու տրամաբանությունը՝ այնտեղ վերադարձնելով Արցախը և վերականգնելով կարգավորման համապարփակ տարբերակը, որը ներառում էր նաև կարգավիճակի հարցը", - ընդգծել է նա։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ թե ինչ դուրս եկավ Փաշինյանի այդ բոլոր առաջարկներից ու մտադրություններից, բոլորովին այլ քննարկման թեմա է։ Ինչը ոչ մի կերպ չի չեղարկում սեփական կետից բանակցելու փորձի վերաբերյալ նրա պնդումների ճշմարտացիությունը։ Եվ, ըստ Սաֆարյանի, ճիշտ է նաև նշել, որ, նույնիսկ, հեղափոխական իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանության առջեւ անմիջապես հայտնվեց Սերժ Սարգսյանի օրոք և Սերժ Սարգսյանի համաձայնությամբ պատրաստված փաստաթուղթը։
Այս լույսի ներքո՝ Սաֆարյանը իրողություններին համապատասխանող է համարում մի երկու օր առաջ Փաշինյանի արած այն պնդումները, որոնց համաձայն, իրավիճակը գլորվում էր դեպի պատերազմ լուրջ գործընթացների արդյունքում, սկսած 2015 թ. Աշնանից: Հիշեցնենք, որ վարչապետը, մասնավորապես, նշել է
2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը բանակցային գործընթացի բովանդակության փոփոխության փաստը:
"Դատելով իմ ունեցած տեղեկատվությունից՝ կարող եմ ասել, որ, պնդելով 2016 թվականի ապրիլյան պատերազմին նախորդած գործընթացների առկայության մասին, վարչապետ Փաշինյանը միանգամայն ճիշտ է։ Ավելին, 2016թ. ապրիլի կատալիզատոր այդ գործընթացներից մեկը 2015թ. աշնանը Հայաստանի և Սերժ Սարգսյանի հասցեին Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հրապարակային մեղադրանքն էր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու համար։ Եվ Փաշինյանի ճշմարտացիությունը հաստատող քայլը առ այն, թե ինչին և երբ է համաձայնել Սերժ Սարգսյանը, պետք է լինի իր իսկ կողմից համապատասխան փաստաթղթերի հրապարակումը", - ամփոփել է Սաֆարյանը։