Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել մարտական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը։ Ադրբեջանի նախագահը նաեւ ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման կարեւորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարեւորել են ժողովրդավարական գործընթացների զարգացումը, մարդու իրավունքների ապահովումը, Ադրբեջանում քաղաքական բազմակարծության պաշտպանությունն ու ապահովումը:
Էնթոնի Բլինքենը նշել է, որ "Ազատության աջակցության ակտի" 907-րդ ուղղումը (Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն - խմբ.) ժամանակավորապես դադարեցվել է նաեւ այս տարի: Ալիևը երախտագիտություն է հայտնել այդ կապակցությամբ։
Միեւնույն ժամանակ, ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան) աշխատանքի շարունակման կարեւորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու համար:
"ԱՄՆ պետքարտուղարը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու համար' ի շահ տարածաշրջանի ժողովուրդների", - ընդգծել են գերատեսչությունում: