Արմինֆո. Որքան էլ պարադոքսալ է, բայց պատերազմից հետո նոր ծանրակշիռ նախադրյալներ են ի հայտ եկել Երուսաղեմի և Երևանի միջև հարաբերությունների զարգացման համար։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հայտնի քաղաքագետ և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը։
Քաղաքագետը նշել է, որ 44-օրյա պատերազմից կես տարի անց տեղեկություններ հայտնվեցին Հայաստանի դեսպանի Թել Ավիվ վերադարձի հնարավորության մասին: Դրանից քիչ առաջ Իսրայելում բացվել է Հայաստանի դեսպանատունը, սակայն մարտական գործողությունների հենց սկզբից դեսպանը հետ էր կանչվել։
Ինչպես հիշեցրել է Էսկինը, պատերազմի ընթացքում Երեւանում Իսրայելին մեղադրում էին Ադրբեջանին զենք վաճառելու համար։ Տիրում էր փոխադարձ դժգոհությունների մթնոլորտ: Իսրայելը Հայաստանին մեղադրում էր մոտ երեք տասնյակ տարի հարաբերությունների հաստատումից հրաժարվելու և Իրանի հետ ռազմական համագործակցության համար, իսկ Հայաստանը դժգոհություն էր հայտնում Ադրբեջանին զենք մատակարարելու պայմանագրի առնչությամբ։
Այդ ֆոնին, ինչպես ընդգծել է քաղաքագետը, Ադրբեջանի հետ համագործակցությունից բոլոր արտոնություններով եւ օգուտներով հանդերձ, Իսրայելը չի կարողացել որեւէ կերպ առաջ շարժվել քաղաքական համագործակցության ուղղությամբ: Այսինքն, Իրանի շուրջ ռազմավարական փոխգործակցությունը շարունակվում է և ունի երկուստեք շահագրգռվածություն, Ադրբեջանի կողմից նավթի վաճառքն ու սպառազինության գնումը նույնպես տնտեսապես շահավետ էին, բայց Բաքվի հակաիսրայելական դիրքորոշումը բոլոր միջազգային կազմակերպություններում որևէ փոփոխություն չի կրել։ Ավելին, Ադրբեջանն այժմ էլ հրաժարվում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։
Ինչպես կարծում է Էսկինը, հետաքրքիր է նաեւ այն, որ Երուսաղեմը շատ սառն է վերաբերվել հարաբերություններ հաստատելու Թուրքիայի փորձերին։ Իսրայելում չեն բացառում տնտեսական համագործակցության շարունակումը եւ սահմանափակ քաղաքական փոխգործակցության հնարավորությունը։ Բայց այնպես, որպեսզի չվնասեն Հունաստանի հետ ռազմավարական դաշինքին, չէ որ վերջերս Աթենքի և Երուսաղեմի միջև 1.65 մլրդ դոլարի պայմանագիր է ստորագրվել, որի շրջանակներում Իսրայելը կկատարելագործի Հունաստանի ՌՕՈՒ-ն։ Իսրայելը նաեւ չի վտանգի իր բարեկամական հարաբերություններն արաբական երկրների հետ, որոնք Էրդողանի հետ առճակատման մեջ են։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա համոզմամբ, ոչ մի փորձագետ չի վիճի այն բանի շուրջ, որ 2015 թվին իսրայելական կատարելագործված սպառազինության գնումից Հայաստանի պաշտպանության նախարարության հրաժարվելը սխալ էր: Այժմ պահանջվում է բանակի անհապաղ արդիականացում, եւ Իսրայելը կարող է բնական հասցե լինել։ Հնարավոր է համագործակցություն գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում։
Երեւանում նաեւ ուշադրություն են դարձրել պատերազմի ընթացքում Թեհրանի դիրքորոշմանը, երբ Իրանի հոգեւոր առաջնորդն ուղղակիորեն կոչ է արել Հայաստանին լիովին հրաժարվել Ղարաբաղից: Ահա եւ ստացվում է. Իսրայելի բարեկամ Ադրբեջանը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ, Իսկ Հայաստանը պատրաստ է դա անել։ Իսկ Հայաստանի բարեկամ Իրանը կոչ է անում Հայաստանից ամբողջությամբ օտարել Արցախը, մինչդեռ, Իսրայելը միշտ ընդգծված չեզոք է։ Նման անհեթեթությունները պահանջում են պատմական սրբագրումներ։