Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանում ներկա է գտնվել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը:
Կառավարության մամուլի ծառայույթյան հաղորդման համաձայն, միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Երևան այցելած միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներն ու ՀՀ-ում հավատարմագրված տարբեր պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններ:
«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարները, Շուշիում տպագրված առաջին գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը:
Ցուցահանդեսում ընդգրկել են լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:
Ցուցահանդեսն ուղեկցվում է մեծ էկրանների վրա մի քանի վտանգված արժեքների՝ Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ղազանչեցոց եկեղեցու, Տիգրանակերտի, Կատարո վանքի, ինչպես նաև Գանձասարի և Մայրաբերդի մասին հակիրճ տեսահոլովակներով:
«Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակում։ Այն բաց կլինի մինչև մայիսի 2-ը: