Արմինֆո.Ղարաբաղի իրադարձություններն ապացուցեցին, որ սառեցված հակամարտություն հասկացություն գոյություն չունի։ Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ "Թուրքիայի, Ռումինիայի և Լեհաստանի համագործակցության նշանակությունը համավարակի հետ կապված անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների ֆոնին" վեբինարի մասնակիցներին ուղղված տեսաուղերձով ։
Ընդ որում, թուրք նախարարը համոզմունք է հայտնել, որ միջազգային համագործակցությունն ու համերաշխությունը հատկապես կարեւոր են այսօր, երբ աշխարհը բախվել է մի շարք մարտահրավերների եւ խնդիրների: "Թուրքիայի սահմանների անմիջական հարեւանությամբ գտնվում են հակամարտությունների եւ դիմակայության օջախներ ։ Ղարաբաղի իրադարձություններն ապացուցեցին, որ սառեցված հակամարտություն հասկացություն գոյություն չունի։ Նման ճգնաժամերը սպառնալիք են ողջ սեւծովյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար", - ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:
Ընդ որում, նա նշել է, որ Սեւ ծովը նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դիմակայության գոտի չի եղել՝ Մոնթրյոյի կոնվենցիայի պահանջների անշեղ կատարման կապակցությամբ ապահովվող հավասարակշռության շնորհիվ: Չավուշօղլուն հավաստիացրել է, որ պաշտոնական Անկարան, թափանցիկ եւ օբյեկտիվորեն պահպանում է 1936 թվականի նեղուցների վերաբերյալ կոնվենցիայի պահանջները: Միաժամանակ նա նշել է, որ միայն Մոնթրյոյի կոնվենցիան բավարար չէ տարածաշրջանում կայունության ապահովման համար։ "Լարվածության աճն անհանգստացնում է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Կողմերը չպետք է սադրանքներ թույլ տան։ Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի դիվանագիտությունն ու երկխոսությունը դառնան առաջնային գործիքներ", - ամփոփել է Չավուշօղլուն, որին մեջբերում են թուրքական լրատվամիջոցները ։