Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Պատվիրակությունները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը հանդիպման կազմակերպման և արդյունավետ քննարկումներ անցկացնելու հնարավորության համար։ Մասնակից հինգ պետությունների պատվիրակները վերահաստատել են իրենց հետաքրքրվածությունը համաձայնագրի մշակման և ստորագրման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին: Ստորագրվել է արձանագրություն, որով նախատեսվում է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։