Արմինֆո. Հայաստանը թուրքական իշխանությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ պետական սահմաններ բացելու վերաբերյալ որեւէ բանակցություն չի վարում։ Այդ մասին ապրիլի 19-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը։ "Այդ հարցը վերջին շրջանում հաճախ է բարձրացվում։ Պետք է շեշտեմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չկա և այդ հարցի շուրջ որևէ բանակցություն չի նախատեսվում", - պատասխանել է նա համապատասխան հարցին։
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության օրակարգում, Այվազյանը հավաստիացրել է, որ այդ հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն: "Բնականաբար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Եվ մենք չենք կորցնում այդ հարցը ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ երկկողմ շփումների ժամանակ բարձրաձայնելու հնարավորությունը։ Օրերս Ազգային ժողովում դա հաստատել է ԱԳ նախարարը։ Մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել", - հավելել է նա։ Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով հնչեցնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը ' տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նպատակով: