Արմինֆո.Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ պատմությունը կարող է կրկնվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուր ափ շրջանի ղեկավար Ռենո Մյուզելյեն՝ կոչ անելով երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը։
Միաժամանակ Մյուզելյեն նշել է, որ ինչպես նախորդ տարիներին, կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, որպեսզի հիշեցնի այդ պատմական ճշմարտության մասին: "Այո, 1915 թվականին երիտթուրքերը ցեղասպանական բարբարոսությամբ ցանկանում էին հայերին բնաջնջել մինչեւ վերջինը ", - արձանագրել է նա:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ այս տարի հանդիպել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի հետ: "Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ պատմությունը կարող է կրկնվել ։ Մենք համագործակցում ենք Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հետ ՝ աջակցելու փախստականների խմբերին։ Եվ ես անձամբ աջակցել եմ բանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև Ֆրանսիայի, Եվրոպայի և ՄԱԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու համար ձեռնարկված բոլոր նախաձեռնություններին։ Ֆրանսիայի հայերը միշտ կարող են ապավինել ինձ", - ամփոփել է Մյուզելյեն։