Արմինֆո.Մարգահովիտ գյուղի բնակիչները բոյկոտել են Լոռու ոսկու-բազմամետաղային հանքավայրի հնարավոր շահագործման շուրջ հանրային լսումները:
Նշենք, որ Լոռու մարզում նախատեսվում է հերթական բազմամետաղային հանքավայրի բացում: Հանքավայրը մտադիր է շահագործել Lusajur Ventures Invest ընկերությունը, որը պատկանում է Չեխիայի ներդրողների։ Այսօր պետք է տեղի ունենային հանրային լսումներ, սակայն համայնքի բնակիչները բոյկոտել են դրանք, հայտարարելով, որ Լոռու մարզի ոչ մի բնակավայրում հանրային լսումներ չեն անցկացվի։
Չեխ ներդրողների շահերը ներկայացնող ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, ով դեռևս նախորդ իշխանության օրոք դատապարտվել էր առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար, համայնքի բնակիչներին հավաստիացրել է, որ խոսքը պոչամբար չունեցող հանքանյութի արդյունահանման փակ եղանակի մասին է, եւ չի լինի նաև հարստացուցիչ ֆաբրիկա։
Նա նշել է, որ այս փուլում նախատեսվում է միայն երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսել, և միայն արդյունքներ ստանալուց հետո հնարավոր կլինի անցնել աշխատանքի: Սակայն բնակիչները վճռական են եղել որոշման մեջ, նկատի ունենալով, ինչպես իրենք են ասել, որ հանքի շահագործումն ակնհայտ վնաս կարող է հասցնել Լոռու մարզի մարդկանց առողջությանը եւ շրջակա միջավայրին։ Մարգահովիտում հայտարարել են, որ մարզի գերակայությունն այսօր զբոսաշրջության զարգացումն է, ուստի նոր մետաղական հանքավայրերի շահագործման մասին խոսք լինել չի կարող:
Նախագիծն ընդգրկում է Լոռու մարզի Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր եւ Մարգահովիտ համայնքների շահերը։