Արմինֆո. Միայն հզոր, համակարգված միջազգային ճնշումը կարող է Իլհամ Ալիևին ստիպել վերադարձնել հայ գերիներին ։ Ավելի քան ակնհայտ է, որ միայն սեփական վարկանիշի համար վախը կարող է դրդել նրան գնալ այդ քայլին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը, խախտելով այդ պայմանավորվածությունները, գերեվարել է ավելի քան 60 հայ զինծառայողների: Եվ, չնայած Հայաստանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի անվերապահ կատարմանը, Բաքուն հրաժարվում է կատարել իր մասը և վերադարձնել բոլոր հայ գերիներին։ Հետպատերազմյան ողջ ընթացքում եղել է գերիների փոխանակման ընդամենը մի քանի դեպք, որոնց շրջանակներում Հայաստան են վերադարձել շուրջ 70 զինվորականներ եւ քաղաքացիական անձինք: Ընդ որում, նրանցից մի քանիսն, ընդհանրապես, գնվել են հարազատների կողմից: Իրավապաշտպանների տվյալներով ՝ ադրբեջանական գերության մեջ դեռեւս մնում է մինչեւ 300 հայ, ինչը Բաքվում համառորեն հերքում են։
Եվ քանի դեռ այդ ճնշումը չկա, Ալիևը, ըստ վերլուծաբանի, շարունակելու է գերիների թեման շահարկելու միջոցով Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզելու փորձերը։ Ըստ Պապյանի՝ Ալիևի պատկերացմամբ նման իրավիճակը հանգեցնում է երկրի ներսում վարչապետ Փաշինյանի նկատմամբ ճնշումների աճի։ Արդյունքում, ըստ Բաքվի հաշվարկների, նա կարող է ավելի զիջողական լինել ի պատասխան Ալիևի պահանջների, որը ձգտում է միջանցքներ ստանալ Մեղրիով և, անգամ, Գորիսով։
"Այստեղ պակաս կարևոր չէ նշել, որ հայ գերիներն Ալիևի ձեռքում մեխանիզմ են, ճնշման լծակ՝ ոչ միայն Հայաստանի նկատմամբ։ Ալիևն ակտիվորեն օգտագործում է այդ լծակը նաև Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։ Այսպիսով, նա վարկաբեկում է նաև Մոսկվային՝ Ռուսաստանի նախագահի իմիջը, որը նույնպես ստորագրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ։ Ավելին, հենց Ռուսաստանն է հանդիսանում այդ փաստաթղթի առանց բացառության բոլոր կետերի իրականացման երաշխավորը։ Դրանցից մեկը, հիշեցնեմ, առանց բացառության բոլոր գերիների վերադարձն է",
- ընդգծել է նա։
Այս համատեքստում Պապյանն անհրաժեշտ է համարում գերիների հարցով Հայաստանի ղեկավարության կողմից միջազգային տարբեր կազմակերպություններին, ատյաններին և երկրներին շուտափույթ դիմելը։ Նշելով, որ միջազգային շատ հեղինակավոր կազմակերպություններ դեռևս դիրքորոշում չեն հայտնել այս խնդրի վերաբերյալ, վերլուծաբանն ընդգծել է միջազգային ասպարեզում Երևանի հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը: