Արմինֆո. Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով: Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ, և առումով որևէ մեծ փոփոխություն մենք չենք ունենա», - ընդգծել է վարչապետը: