Արմինֆո.«Պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովում իր ելույթում:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, այս առումով, Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունի հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: «Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները:
Այս համատեքստում մեկնարկել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա և բովանդակային բարեփոխումներ: Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն պետք է կարողանանք փոփոխել: Բացի դա, մենք հույս ունենք և քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը: Պաշտպանության նախարարն այդ մասին արդեն հայտարարել է, որ Սյունիքի մարզում մենք նաև 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ բավական արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները: Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով», - հայտարարել է Հայաստանի վարչապետը: