Արմինֆո.Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Կանադային տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ: Այդ մասին ասվում է Թուրքիա արտահանման թույլտվության վերաբերյալ եզրափակիչ հաշվետվությունում, որը հրապարակվել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
Զեկույցում հիշեցվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչը հայտարարել է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը խոցվել է հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ, եւ հրապարակել է TB2 անօդաչու թռչող սարքի ենթադրյալ բեկորների պատկերով թվիթ: "2020 թվականի հոկտեմբերի 5-ին թույլտվության գործողությունը կասեցնելուց հետո Կանադան Հայաստանին խնդրել էր տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել մեղադրանքների քննարկմանը (կանադական տեխնոլոգիաների օգտագործումը անօդաչու թռչող սարքերում - խմբ.): Սակայն, Հայաստանը նման տեղեկատվություն չի տրամադրել", - նշվում է զեկույցում։
Այս փաստի վրա ուշադրություն է դարձվում նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) հայտարարությունում։ "Չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված հետաքննության մեջ գրված է, որ իրենք դիմել են Հայաստանին ցանկացած տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով, որը կարող էր հաստատել կանադական տեխնոլոգիաների օգտագործումը Bayraktar անօդաչու թռչող սարքերում, սակայն Հայաստանի իշխանությունները նման տեղեկատվություն չեն տրամադրել։ Կանադայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է իր ջանքերը՝ կանխելու Կանադայի կողմից որեւէ ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային", - նշվում է ANCC-ի հայտարարության մեջ, ընդ որում, ասվում է, որ Թուրքիային ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի հետ կապված հարցերը միշտ եղել են իրենց քաղաքական առաջնահերթությունների թվում:
"Կանադայի կառավարության որոշումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը։ Աշխարհում այնքան էլ շատ չեն երկրները, որտեղ գործում է Թուրքիա ռազմական արտադրանքի մատակարարման արգելք։ Բացի այդ, Կանադան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկն է, Թուրքիայի համար ռազմական արտադրանքի գնման հիմնական շուկաներից մեկը։ Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից ձեռք բերվող կանադական ռազմական արտադրանքի ճնշող մեծամասնությունը ներառում է Wescam-ի արտադրանքը։ Այսպիսով, մատակարարումների դադարեցումից հետո թուրք-կանադական առեւտրային հարաբերությունները ռազմական արդյունաբերության ոլորտում գրեթե ամբողջությամբ խզվել են", - նշվում է ANCC-ի հայտարարության մեջ, ավելացվում է, որ իրականում Թուրքիան խաբեությամբ ձեռք է բերել կանադական առաջատար տեխնոլոգիաները, եւ դա մեծ դժգոհություն է առաջացրել Կանադայի հասարակական եւ քաղաքական շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել է, Կանադայի իշխանությունները չեղարկել են կանադական սպառազինության և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման ավելի վաղ տրված թույլտվությունը, քանի որ ստացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց կիրառման ապացույցներ: