Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից: Համապատասխան որոշումը, ըստ կառավարության պաշտոնական կայքի, Փաշինյանն ստորագրել է ապրիլի 6-ին։
Նշենք, որ Արշակ Կարապետյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնը: 2016 թվականի ապրիլին ռազմական գործողությունների փուլի դադարեցումից, գործնականում, անմիջապես հետո վերջինս հեռացվել էր պաշտոնից ։ Սակայն մեկուկես տարի անց Կարապետյանը նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդի պաշտոնում։ 2018 թվականի դեկտեմբերին նա նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով ՝ Փաշինյանը բավարար հիմքեր ուներ Արշակ Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու համար։ Կարապետյանը հրավիրվել և երկու անգամ մասնակցել է ապրիլյան պատերազմի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի նիստին ։