Արմինֆո.Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն, ըստ էության, ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի դերի արձանագրումն է ոչ միայն որպես միջնորդ, այլեւ՝ որպես դրա կողմ, որն այս ամենում ունի եւ հետապնդում է սեփական շահերը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ավելի վաղ Տեր-Պետրոսյանն իր հոդվածում հերթական անգամ ընդգծել էր, որ "ղարաբաղյան հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում": Նախկին նախագահի գնահատմամբ ՝ Արցախի հարցում հայկական ողբերգության գլխավոր պատճառներից մեկը նախկին և գործող երկու իշխանությունների կողմից այդ փաստի գիտակցման բացակայությունն է։ Ինչի վկայությունն են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործող իշխանությունների հույսերը։ Ըստ Տեր-Պետրոսյանի ՝ այս միտումը Հայաստանի համար հղի է նոր հիասթափություններով, եթե ոչ՝ նոր ծանր կորուստներով։
"Կարծում եմ, որ այս ֆոնին առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հայաստանի և Արցախի հինգ նախագահների վերջին հանդիպումը և այս խնդրի քննարկումը ։ Գաղտնիք չէ, որ առաջին նախագահը միշտ աչքի է ընկել իր գերպրագմատիզմով և, շատ դեպքերում ու իրավիճակներում, պոպուլիզմի ձգտման բացակայությամբ ։ Կարծում եմ, որ վերջին հոդվածով նա փորձում է Հայաստանի ներքաղաքական խաղացողներին հետ պահել Մոսկվայի հետ չհամաձայնեցված արտաքին քաղաքական խաղերից այս կամ այն ուժերի հետ", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ քաղտեխնոլոգը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կա տեսակետ, ըստ որի, Ռուսաստանի շահերն ու Արևմուտքի շահերն Արցախի հարցում չեն համընկնում։ Ըստ Հակոբյանի ՝ թե իշխանությունում, թե ընդդիմությունում դիտարկում են Արցախի շուրջ առկա իրավիճակը նորից խաղալու հնարավորությունը ՝ այդ հնարավորությունը կապելով Արևմուտք - Ռուսաստան գլոբալ դիմակայության հետ։
Ըստ Հակոբյանի՝ նաև հասկանալի է, որ արցախյան վերջին պատերազմի արդյունքում Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, դուրս մնաց Մինսկի գործընթացի շրջանակներից։ Եվ այսօր փորձում է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ կասկածի տակ դնելով պատերազմի արդյունքները։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, ԱԳՆ-ը փորձում են տեղավորվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության մեջ ՝ դրա վրա կառուցելով սեփական հակախաղը։