Արմինֆո.Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պատկերացումները, որի գաղափարական աջակիցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, չափազանց պարզեցված են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
"Այստեղ տեղին է հիշեցնել աշխարհի քարտեզից որոշ պետությունների անհետացման մասին, որոնց ղեկավարությունը դեռ 100 տարի առաջ նման պարզեցված պատկերացումներ ուներ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավորության մասին։ Գաղտնիք չէ, որ Անկարան Երևանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը կապում է Արցախի հարցից, Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից Հայաստանի հրաժարվելու և Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչման հետ։ Վերջինս կբացառի Հայաստանի տարածքային նկրտումները Թուրքիայի նկատմամբ", - ընդգծել է նա։
Ըստ թուրքագետի՝ Փաշինյանի կառավարությունն այսօր շարժվում է հենց Անկարայի առաջադրած այդ նախապայմանների բավարարման ուղղությամբ ։ Այս համատեքստում նա չի բացառել շրջանառության մեջ այնպիսի փաստաթղթի հայտնվելու հնարավորությունը, որում Հայաստանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կհայտարարի Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին։ Իսկ հայ-թուրքական սահմանների ապաշրջափակումը, նրա կարծիքով, ուղեկցվելու է դրանց սահմանագծմամբ, համապատասխանաբար, տարածքային պահանջներից Երեւանի հրաժարվելու Անկարայի պահանջով։
Հայաստանի համար, ըստ Մելքոնյանի, միանշանակ չէ նաև Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու հեռանկարը։ Նրա կանխատեսմամբ՝ այս ամենը կավարտվի Հայաստանում թուրքական կապիտալի գերիշխանությամբ եւ, որպես հետեւանք, մեր երկրի անխուսափելի աջարիզացմամնբ։ Եվ այդ բոլոր տխուր հեռանկարները, նրա կարծիքով, պարբերաբար ամրապնդվում են Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով հայտարարություններով։
"Այսպիսով, ունենալով այս առումով շատ վտանգավոր օրենքներ, ես բնավ չեմ բացառում, որ սահմանների ապաշրջափակումից հետո թուրքերը Հայաստանում կսկսեն ակտիվորեն գնել հողեր, տներ ու հյուրանոցներ: Այսօր մեր երկրում հող վաճառելն այնքան էլ հեշտ չէ, իսկ թուրքերը կարող են իրենց թույլ տալ հող գնել բավականին բարձր գնով։ Այսպիսով, օրենսդրական խոչընդոտների բացակայությունն այս ուղղությամբ կհանգեցնի Թուրքիայի կողմից մեր երկրի "փափուկ" զավթմանը։ Եվ այս ամենը ֆանտաստիկա չէ, այս ամենը միանգամայն իրական հեռանկարներ են։ Եվ այս իրողությունը ամրապնդվում է մեր ղեկավարության մտածելակերպով ու քաղաքականությամբ", - ամփոփել է թուրքագետը։