Արմինֆո.Հայաստանը 86-րդ տեղն Է զբաղեցրել Երջանկության համաշխարհային ինդեքսում՝ World Happiness Report ՝ գտնվելով Փղոսկրի Ափի եւ Նեպալի միջեւ: Սակայն մեկ տարվա ընթացքում Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները 30 հորիզոնականով, քանի որ 2020 թվականի երջանկության վարկանիշում 116-րդն էր։
Ընթացիկ վարկանշային աղյուսակում Հայաստանը 4 կետով գերազանցում է Ադրբեջանին եւ 22 կետով՝ Վրաստանին, որը զբաղեցրել է 108-րդ տեղը: Ռուսաստանն, իր հերթին, 10 կետով գերազանցում է Հայաստանին։
Համաշխարհային երջանկության մասին այսօր հրապարակված 2021թ. զեկույցում նշվում է, որ դրանում մեծ ուշադրություն է դարձվում COVID-19-ի հետեւանքներին եւ մարդկանց վիճակին ողջ աշխարհում: «Մեր նպատակը երկակի էր. Նախ, ուշադրություն դարձնել COVID-19-ի ազդեցությանը մարդկանց կյանքի կառուցվածքի եւ որակի վրա, եւ, երկրորդ, նկարագրել եւ գնահատել, թե ինչպես են աշխարհի կառավարությունները պայքարում համավարակի դեմ: Մասնավորապես, մենք փորձում ենք բացատրել, թե ինչու որոշ երկրներ ավելի մեծ հաջողության են հասել, քան մյուսները», - նշվում է զեկույցի ուղեկցող տեքստում։
Նշենք, որ վարկնշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Ֆինլանդիան։ Երկրորդ հորիզոնականում Դանիան է, իսկ եռյակը եզրափակում է Շվեյցարիան։ Ֆինլանդիան արդեն 4-րդ տարին անընդմեջ առաջատարն է երջանկության ինդեքսում։ Առաջատար տասնյակում են նաեւ Իսլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան եւ Ավստրիան: Աղյուսակը եզրափակում են Ռուանդան, Զիմբաբվեն եւ Աֆղանստանը։
Վարկանիշը որոշելիս ժյուրիի անդամները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, կյանքի սպասվող տեւողությունը, մարդկանց անկեղծությունը, կոռուպցիայի ընկալումը եւ այլն:
Աշխարհի 149 երկրներում երջանկության մակարդակը գնահատող վերջին զեկույցը հրապարակվել է Երջանկության միջազգային օրվա նախօրեին, որը նշվում է մարտի 20-ին:
Կոլումբիայի համալսարանին կից կայուն զարգացման կենտրոնի (CSD) պատրաստած Երջանկության համաշխարհային վարկանիշը հիմնված է Գելափի համաշխարհային հարցման եւ Լլոյդի ռեգիստրի հիմնադրամի հետազոտությունների վրա եւ գնահատում է աշխարհի ավելի քան 150 երկրներում բնակչության կյանքի բավարարվածության մակարդակը' համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011 թվականի հունիսին ընդունված Բուտանի բանաձեւի, որտեղ ազգային կառավարություններին առաջարկվել է «ավելի մեծ ուշադրություն դարձնել երջանկությանը եւ բարեկեցությանը' որոշելու, թե ինչպես հասնել եւ չափել սոցիալ-տնտեսական զարգացումը»: