Արմինֆո.Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաղորդման համաձայն, Ծրագիրը ներառում է.
14-օրյա ճամբարային ծրագիր,
հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
հայրենագիտության դասընթացներ,
ազգային երգ ու պարի դասընթացներ,
ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ,
հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք՝
նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին,
իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը,
իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն և ապահովելու են COVID-19 բացասական թեստի առկայություն՝ առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ:
2021 թվականին «Քայլ դեպի տուն» ծրագիրը իրականացվելու է հունիսի 21-ից օգոստոսի 14-ը՝ 4 փուլով:
Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է յուրաքանչյուր փուլի մեկնարկից մեկ շաբաթ առաջ:
«Ծրագրի մասնակցության կամ մերժման ծանուցումը մասնակիցը կստանա հայտն ուղարկելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում: Խնդրում ենք զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից մինչև մեր կողմից պաշտոնական ծանուցում ստանալը», -ասվում է հաղորդագրությունում:
"Քայլ դեպի տուն" ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ: Ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերով կարելի է դիմել՝ [email protected] կամ + 374 10 515-517: