Արմինֆո.Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը:
Հիմնավորման համաձայն՝ պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։ Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79 տոկոսը աշխատանքային տարիքի են: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում՝ 70 անձի 1-ին խումբ, 147 անձի՝ 2-րդ խումբ, 255 անձի՝ 3-խումբ։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ծրագրի խնդիրներն են՝ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից, գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցում, անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում և այլն: Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու նպատակով նախատեսվում է սոցիալական ծառայությունների մատուցում, որն ընդգրկում է՝ կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում, շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ, անձնական օգնականի ծառայություն, ուղեկցողի (հետևողի) ծառայություն, խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին, հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ և այլն: Ծրագրով նախատեսված են նաև զբաղվածութան ապահովման ծառայություններ, մասնավորապես՝ աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ, շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում, շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միջազգային լավագույն փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: «Կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ: Առաջին փուլով այդ կենտրոնները նախատեսվում է ստեղծել 6 մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մի փոքր ավելի մեծ է: Այս պահին հիմնական ծառայությունները մատուցվում են Երևանում, ուստի Երևանից ավելին հեռու գտնվող մարզերում կստեղծվեն այդ կենտրոնները, որպեսզի հնարավորություն ունենանք ապահովել համաչափ հասանելիություն»,-ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է պատերազմի հետևանքով ստորին վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինվորներին ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով ապահովելու գործընթացից: Ի պատասխան Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ գործընթացի առաջին փուլն արդեն ամփոփվել է: «Պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականացրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդ որում, բացի առողջապահական խնդիրների գնահատումից, իրականացվել է նաև նրանց միջավայրի, մասնավորապես՝ կենցաղային, տնային պայմանների գնահատում: Շատ հաճախ առկա տնային որոշակի սահմանափակումները հնարավորություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարագայում լիարժեք ինտեգրվել, հետևաբար այս պահին այդ գնահատումն իրականացվել է: Միջազգային պրոթեզարանների հետ, մասնավորապես՝ եվրոպական և ամերիկյան, արդեն ունենք պայմանավորվածություններ, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ: Առաջիկայում արդեն խումբ առ խումբ այդ պորթեզավորումը կիրականացվի: Զուգահեռ կիրականացվի նաև տնային պայմանների հարմարեցումը, որպեսզի սահմանափակումները հնարավորինս նվազ լինեն»,- ասել է նախարարը: