Արմինֆո. Հայաստանը պետք է պատրաստ լինի սրմանը Վրաստանում, Ուկրաինայում, այլ տարածքներում, որտեղ իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի" ղեկավար Թևան Պողոսյանը։
"Աշխարհաքաղաքական իրավիճակը սրընթաց զարգանում է, պարբերաբար նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են առաջանում։ Եվ ես չեմ կարծում, որ գործող իշխանությունները կարող են դիմակայել այդ բոլոր մարտահրավերներին։ Մեր զինված ուժերի վիճակն, առնվազն, հարցեր է առաջացնում։ Արդեն մի քանի ամիս անհասկանալի է Պաշտպանության բանակի կարգավիճակը։ Հայտնի չէ, թե արդյոք, ընդհանրապես, աշխատանքներ տարվում են բանակի սպառազինության վերականգնման ուղղությամբ", - նշել է նա։
Այս ֆոնին, ըստ Պողոսյանի, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանություններն, ընդհանրապես, գերադասում են մոռանալ Արցախի մասին, որպես ավելորդ բեռի, Ադրբեջանի հետ նոր սահմաններ գծելով GPS-ի միջոցով։ Եվ այս ֆոնին հասարակությունն ամեն օր լսում է սեփական ուժերով սեփական անվտանգությունն ապահովելու Հայաստանի անկարողության մասին։
Ըստ փորձագետի, արդեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ղեկավարությունը դիտավորյալ է փչացրել հարաբերությունները դաշնակից եւ գործընկեր երկրների հետ: Եվ ինքնիշխանության առկայության փաստն իսկ, ինքնուրույն որոշումներ կայացնելու փաստն ամենևին չի նշանակում, որ պետությունը չպետք է հաշվի առնի դաշնակիցների և գործընկերների շահերը։ Իսկ սեփական շահերի պահպանումը բնավ չի նշանակում, որ երկիրը չպետք է գնա զիջումների հանուն բարեկամական հարաբերությունների։
"Այս ամենը բնավ չի նշանակում, որ այդ որոշումները մենք ինքնուրույն չենք կայացնում։ Եվ հենց դա է նշանակում ինքնիշխանություն։ Սակայն, երբ երկրի ղեկավարությունը սկսում է աշխարհը բաժանել սևի և սպիտակի, նման հայացքը, որպես կանոն, ավարտվում է դաշնակցային և, նույնիսկ, գործընկերային հարաբերությունների կործանմամբ։ Եվ, ցավոք սրտի, ստացվում է այնպես, որ, նույնիսկ, հանուն Հայաստանի մեր իշխանության գործողությունները պսակվում են Հայաստանի համար բացասական արդյունքով", - ամփոփել է Պողոսյանը։